Աշխարհի երկու ամենահարուստ մարդկանց միջեւ տիեզերական մրցավազքը թափ է հավաքում այն բանից հետո, երբ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հարված հասցրեց ՆԱՍԱ-ի խոշոր պայմանագիրը վիճարկելու Ջեֆ Բեզոսի փորձին:

Երկու միլիարդատերերը, որոնք փորձել են մեծ հեռահարության ուղեծրային հրթիռներ արձակել, մրցակցում էին տիեզերանավ կառուցելու կառավարական պայմանագրի համար․ այն տիեզերագնացներին Լուսին կտանի արդեն 2024 թվականին:

Մասկը հաղթել է: Բեզոսը դժգոհ է:

Բեզոսի Blue Origin ընկերությունը բողոք է ներկայացրել Հաշվիչ պալատին՝ ՆԱՍԱ-ին մեղադրելով վերջին պահին տենդերի մասնակիցների համար պայմանները փոխելու մեջ:

Մասկը թվիթերում պատասխանել է. «Չեմ կարող բարձրանալ (ուղեծիր),լոլ»: Նա չի մանրամասնել, բայց սքրինշոթ է տեղադրել նույն թվիթում՝ 2019թ. զեկույցի հրապարակմամբ, թե ինչպես է Բեզոսը պատկերացնում Blue Origin վայրէջքային մոդուլը:

Blue Origin-ը ուղեծրային փոխադրումների հարցում շատ հետ է մնացել SpaceX- ից եւ United Launch Alliance-ից (ULA)-ից՝ կորցնելով արձակման պայմանագրերը, որոնք սկսվում են 2022-ին:

Հրթիռների այս արձակումները հիմնականում ուղղված են արբանյակները մատչելի գնով ուղեծիր ուղարկելուն եւ հրթիռների մասերի վերաօգտագործմանը՝ ծախսերը նվազեցնելու համար:

Այս ամսվա սկզբին Blue Origin-ին եւս մեկ հարված հասցվեց, երբ ՆԱՍԱ-ն լուսնային պայմանագիր կնքեց SpaceX-ի հետ: Հանրաճանաչ նախագիծը նպատակ ունի 1972 թվականից ի վեր առաջին անգամ մարդկանց Լուսին վերադարձնել:

«ՆԱՍԱ-ի որոշումը վերացնում է մրցակցության հնարավորությունները, զգալիորեն նեղացնում է մատակարարումների բազան եւ ոչ միայն հետաձգում է, այլեւ սպառնալիքի տակ է դնում Ամերիկայի վերադարձը Լուսին: Այս պատճառով մենք բողոք ենք ներկայացրել»: