Իսրայելի հյուսիսում հրմշտուքի հետեւանքով զոհվել է առնվազն 44 մարդ: Ողբերգությունը տեղի է ունեցել Մերոնում` երկրորդ դարի թալմուդցի իմաստուն Ռաբբի Շիմոն Բար Յոչայի հայտնի դամբարանի տեղում, որտեղ հիմնականում հավաքվում են ուլտրա-ուղղափառ հրեաները` նշելու Լագ բա-Օմերի տոնը:
Ուխտագնացությունն ամենամեծ զանգվածային իրադարձությունն էր համավարակի բռնկումից ի վեր, եւ հաղորդվում էր, որ այնտեղ երեք անգամ ավելի շատ մարդ կար, քան թույլատրվում է:
Ըստ նախնական տվյալների` հրմշտուքը սկսվել էր այն ժամանակ, երբ մարզադաշտի որոշ նստատեղեր փլուզվել էին:
Իսրայելական փրկարար ծառայության ներկայացուցիչն AFP-ին հայտնել է, որ «դեպքի վայրում եղել է 38 զոհ, բայց հիվանդանոցում ավելի շատ են եղել»: Զիվա հյուսիսային հիվանդանոցից աղբյուրը հայտնել է, որ կա առնվազն վեց մահվան դեպք:
Վիրավորներին տարհանելու համար բանակն ու փրկարար ծառայություններն ուղղաթիռներ են օգտագործել:



























