2020 թվականին կտրուկ անկում է ապրել ուղեւորահոսքի ծավալները՝ 8,7 մլնից հասնելով 1,8 մլնի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միգրացիոն հարցերով փորձագետ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Եգանյանը։

«Համավարակով պայմանավորված՝  ուղեւորահոսքի ծավալների անկում է գրանցվել։ 2015–ից մինչեւ 2020թ․ուղեւորահոսքն անընդհատ աճում էր, տարեկան մինչեւ 15 %-ով։ 2015–ին մենք ունեցանք գրեթե 5,5 մլն ուղեւորահոսք, որը 2019–ին հասավ 8,7 մլնի։ 2020 թվականին կտրուկ անկում է ապրել ուղեւորահոսքի ծավալները, 8,7 մլնից հասնելով 1,8 մլնի։ Առաջին հերթին միգրացիոն հոսքերին հարվածեց կորոնավիրուսը, եւ սահմանների փակման հետեւանքով կարելի էր ակնկալել, որ նման արդյունքներ կարող են լինել։ Այս տարի անկումը կրկին շարունակվում է. 4 ամիսների կտրվածքով 531 հազար է կազմել ուղեւորահոսքը, անցած տարվա 1 մլն 280 հազարի պայմաններում։ Այս տարի շուրջ 60 %-ով կրճատվել Է»,- ասաց Գագիկ Եգանյանը։

Փորձագետը շեշտում է՝ ուղեւորահոսքը պետք չէ շփոթել միգրացիոն հոսքի հետ, հետեւաբար ներկայացված տվյալը միգրացիոն հոսք  չէ․ «Ամեն մի ուղեւոր չէ, որ համարվում է միգրանտ։ Միգրանտն այն մարդն է, որն առնվազն երեք ամսով պետք է իր բնակության վայրը փոխի, մինչդեռ ուղեւորահոսքի պարագայում հայտնի չէ, թե տվյալ ուղեւորը հաջորդ օրը կվերադառնա՞, թե՞ 3 ամիս հետո, թե առհասարակ չի վերդառնա։ Միգրացիոն հոսքերը գնահատելու համար լրացուցիչ խորքային ուսումնասիրություններ են պետք։ Բայց ուղեւորահոսքի  բացասական մնացորդը ուղղակի կապ ունի միգրացիոն տրամադրությունների հետ, եթե ուղեւորահոսքի մնացորդը բացասական է, դա նշանակում է, որ արտագաղթելու տրամադրություններն են գերիշխում բնակչության շրջանում»։

2021 թվականի 4 ամսում Հայաստանից օդային ճանապարհով ուղեւորահոսքը կազմել է 405 105 մարդ, որից մեկնողների թիվն ավելի է, քան ժամանողներինը։ Մեկնողների թիվը կազմել է  240 891-ը, իսկ ժամանողներինը՝ 164 214 մարդ։

«Ներկայացված թվերից շեղվեմ եւ տվյալը ներկայացնեմ մեր քաղաքացիների մասով։ Ուղեւորահոսքի բացասական մնացորդը կազմում է 80 540, այսինքն՝ այդքան ավելի քաղաքացի է մեկնել, քան ժամանել։ Ոչ մի տարի առաջին 4 ամիսների ընթացքում նման բացարձակ մեծ թիվ գոյություն չի ունեցել։ Սրա մեծությունը ավելի շատ  ընդգծվում է, երբ որ համեմատում ենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Անցած տարի  համավարակով պայմանավորված՝ Կառավարությունը կազմակերպեց շատերի վերադարձը Հայաստան, միգուցե ի հաշիվ դրա մենք ունեցանք դրական սալդո։ Այդ 4 ամիսների ընթացքում 21 000 քաղաքացի ավելի էր ժամանել Հայաստան, քան մեկնել։

Երբ համեմատում ենք բացասական մնացորդը ուղեւորահոսքի ծավալների հետ, այսինքն՝ որ մասն է, որ չի վերադարձել, տեսնում ենք, որ բացասական մնացորդի աճի տեմպը համեմատած ուղեւորաշրջանառության հետ, կտրուկ է աճել։ 2015–ից մինչեւ 2021–ը, ուղեւորահոսքի բացասական մնացորդի հարաբերակցությունը կազմում էր 2–3%, իսկ ամենաշատը 4%, ինչը նշանակում էր, որ 40 ուղեւորից մեկն էր, որ մնում էր այնտեղ, այս տարի այդ ցուցանիշը 4 ամիսների ընթացքում կազմել է 29, 1%։ Սա նշանակում է, որ 3 ուղեւորից 1–ն է մնացել այնտեղ։ Սա մեծ ցուցանիշ է»,- ընդգծեց Գագիկ Եգանյանը։

Մերօրյա վիճակագրությունը փորձագետին հիշեցնում է 1992–94 թթ., երբ Հայաստանից արտագաղթել է շուրջ 600 հազար բնակիչ։

«Այդ տարիների միգրացիոն հոսքի պատմությունը ներկայացնելիս, միշտ օգտագործում ենք մասսայական արտահոսքի տարիներ։ 1995–ից հետո կրկին բացասական էր արտագաղթը, բայց կայունացել էր, մինչեւ 2001թ․–ը  արտագաղթում էին մինչեւ 50 000 քաղաքացի։ Այս պատկերը եթե այսպես շարունակվի, կարող է 1992–93թթ. թվերը կրկնվեն։

Միգրացիան շատ զգայուն ոլորտ է եւ արձագանք է տիրող իրավիճակին։ Եթե կան արտամղող գործոններ՝ ցածր կենսամակարդակը, բարոյահոգեբանական մթնոլորտը, աշխատատեղեղերի պակասը եւ այլն, որպես կանոն այգ գործոնների ազդեցությամբ ձեւավորվում է երկրից դուրս եկող հոսքը։ Եթե մի երկրում կան վանող գործոններ, ապա մեկ այլ տարածաշրջանում առաջանում է կլանող գործոններ։ Հայաստանի համար վանող գործոնների դերակատարումը ըստ թվերի՝ ավելի զգալի է դարձել»,- նշեց նա։

Թեեւ  ըստ փորձագետի՝  սխալ է այս վիճակագրությունը նույնացնել արտագաղթի հետ, այնուամենայնիվ, նա նշում է, որ արտագաղթի միտումները կարող են բացատրվել նաեւ պատերազմով պայմանավորված։ «Մենք ունեցանք անօթեւան մարդկանց հսկայական զանգված, պարզ է, որ նրանք իրենց ճակատագրի լուծման  որպես հնարավորությունը կարող են դիտել Ռուսաստանում, կամ այլ երկրում հաստատվելը։ Տարբեր գնահատականների համաձայն, Արցախից 30 հազարից ավելի անօթեւան մարդ ունեցանք։ Դրան գումարած ընդհանուր մթնոլորտը նույնպես կարող է ավելացնի մեկնողներ քանակը. բարոյահոգեբանական, անկայունությունը սկսած սահմաններից վերջացրած այլ պայմաններով։ Այս պայմաններն իրենց ազդեցությունը թողել են, որ ուղեւորահոսքի բացասական մեծ մնացորդ ունենք»։

Գագիկ Եգանյանը նշում է, որ նախորդ տարիներին ուղեւորահոսքի 35-ից 40%-ն էր օդային ճանապարհին բաժին ընկնում, մնացածը հիմնականում ցամաքային էր եւ փոքր հատվածն էլ երթուղային։ Հայաստանից դուրս գնացողների ուղղությունը հիմնականում Ռուսաստանն է։

Փորձագետը նշում է, որ կրճատված ուղեւորահոսքի պայմաններում խոսել զբոսաշրջիկների հոսքի մասին, այդքան էլ ճիշտ չէ։ «Չմոռանանք նաեւ անվտանգության գործոնը, օրինակ՝ ԱՄՆ–ի եւ Լեհաստանի դեսպանությունները կոչով հանդես եկան, որպեսզի իրենց քաղաքացիները ձեռնպահ մնան Հայաստան եւ տարբեր մարզեր ուղեւորություններից։ Պարզ է, որ այս կոչը միայն իրենց քաղաքացիներին չէր ուղղված, ուրիշ երկրների քաղաքացիները լսելով այդ կոչը եւ եթե մտադրություն  ունենային գային, հետ կկանգնեին  իրենց որոշումից։ Այս պայմաններում ակնկալել մեծ հոսքեր իրատեսական չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։