Վարչապետի նախկին խորհրդական, մանկապղծության մեջ մեղադրվող հայտնի գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ դատավարությունը կսկսվի հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին: Դատավարությունը նախագահելու է դատավոր Մուշեղ Հարությունյանը:

Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը Ախթալայի լեռնահարստացման Metal Prince կոմբինատի սեփականատերն է:

Սերոբ Տեր-Պողոսյանի անվան շուրջ սկանդալը հասունացավ այս տարվա սկզբին` Hetq.am կայքի հրապարակումից հետո: Մի շարք լրատվամիջոցների տվյալներով, մես տարվա ընթացքում Ալավերդի եւ Ախթալա քաղաքներում լուրեր էին շրջում, որ հայտնի բիզնեսմենի վերաբերյալ կոմպրոմատային տեսանյութ կա: Սակայն ոչ ոք չեր համարձակվում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջն ուղղակիորեն մեղադրել մանկապղծության մեջ: Առաջւնն այդ քայլին գնաց 25-ամյա Վահրամ Փարսադանյանը:

Պարբերականի տվյալներով, հունվարի 22-ին ինչ-որ մի երիտասարդ, որը 30 հազար դոլարի պարտք ուներ, զանգահարել է Տեր-Պողոսյանին եւ սպառնացել, որ ոստիկանությանը կփոխանցի նրան մերկացնող տեսանյութը, եթե վերջինս ֆինանսապես չօգնի իրեն: Գործարարն, ի պատասխան, ինքն էր դիմել ոստիկանություն` խնդրելով լուծել իրեն սպառնացող երիտասարդի հարցը:

Հենց նույն օրը երիտասարդին ձերբակալել էին, սակայն վերջինս ոստիկաններին էր հանձնել խոստացված կոմպրոմատը: Սփյուռքահայ գործարարի զոհերի թվում են նաեւ իր կողմից հովանավորվող ֆուտբոլային թիմում խաղացող մի քանի տղաներ:

Մանկապղծության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 140 եւ 139 հոդվածի հատկանիշներով: Դատախազությունը հաստատել է մեղադրանքը եւ այս քրեական գործն արդեն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ իրավասության քննելու համար: