Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի քեռին` Զուրաբ Գիգուաշվիլին ձերբակալվել է հայ-վրացական սահմանը հատելիս:
Ինչպես հաղորդում է «Վրացական կուսակցության» մամուլի ծառայությունը, որի համանախագահներից է Օկրուաշվիլին, Գիգուաշվիլին փորձել է լքել երկիրը, որի ժամանակ էլ ձերբակալվել է: Նա, ըստ կուսակցության, «նախատեսում էր այցելել Հայաստան մեկ օրով` անձնական գործերով»: «Վրացական կուսակցությունում» կարծում են, որ տեղի ունեցողը տեռոր է` ուղղված Օկրուաշվիլիի հարազատների ու մտերիմների դեմ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 29-ին Վրաստանի դատախազությունը զինված խմբավորումների ստեղծման մեղադրանք էր առաջադրել Ֆրանսիայում բնակվող Օկրուաշվիլիին:
Վրաստանի ՆԳՆ-ն հունիսի 23-ին տեսագրություն էր տարածել, որում մի քանի ձերբակալվածներ խոստովանում էին, թե Օկրուաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան` ռուսական հատուկ նշանակության 200 գրոհայինների ուղեկցությամբ:
Օկրուաշվիլին պաշտպանության նախարարի պաշտոնը լքել էր 2007թ., իսկ 2008թ. Մարտի 28-ին դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել էր 11 տարվա ազատազրկման:




























