Ֆուտբոլի Հարավային Կորեայի բարձրագույն խմբում պայմանավորված հանդիպումների կազմակերպման գործի մեջ ներգրավվածներից ինքնասպան է եղել երկրորդ ֆուտբոլիստը:
Բուքմեքերներից խոշոր գումար շահելու սխեմայի գլխավոր մասնակիցներից մեկը, Սեուլ Յունայթեդի 30-ամյա խաղացող Չուն Չոն Գվանը կախվել է Սեուլի հյուրանոցային համարներից մեկում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նա գրություն է թողել` պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու համար ամաչելու մասին:
Այս ինքնասպանությանը նախորդել էր եւս մեկը: Մայիսի 6-ին ինքնասպան էր եղել գործի մասնակից Ինչհոն Յունայթեդի 23-ամյա խաղացող Յուն Գի Վոնը:
Հարավային Կորեայի կառավարությունը սպառնացել էր եւս մեկ սկանդալի դեպքում ցրել ֆուտբոլային լիգան:
Ավելի վաղ Հարավայում Կորեայում պայմանավորված հանդիպումների համար ցմահ որակազրկվել էին 10 ֆուտբոլիստներ: Նրանցից ութը Տեջոն Սիթիզեն թիմից էին: Դատախազության տվյալներով, ֆուտբոլիստները ստացել էին 110 հազար դոլար եւ ապրիլի 6-ի խաղում թիմը 0:3 հաշվով պարտվել էր Պհոհան Սթիլերսին:



























