Բանկերից վարկավորման նվազմանը (2021թ․ մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 3․3%-ով) զուգահեռ, նվազել են նաեւ վարկային կազմակերպության տրամադրած վարկավորումը։

Սովորաբար Հայաստանում վարկավորման գործընթացի ներկայացման ժամանակ հիմնական շեշտը դրվում է առևտրային բանկերի վրա, մինչդեռ վարկավորման հարցում մեծ դերակատարում ունեն նաև վարկային կազմակերպությունները։ Չնայած ՀՀ-ում գործող վարկային կազմակերպությունների թիվը (46) ավելի քան 2,5 անգամ գերազանցում է առևտրային բանկերի թվին (17), այնումամենայնիվ վարկավորման ծավալներով վարկային կազմա կերպությունները մի քանի անգամ զիջում են բանկերին ։

ՀՀ կենտրոնական բանկի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունիսի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների   տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 315.9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է 8.9% - ով (2020թ. դեկտեմբեր՝ 346.8 մլրդ դրամ)։

Ի դեպ, վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի կազմում գերակշռում են ՀՀ դրամով տրամադրվող վարկերը, մասնավորապես՝ դրամով տրամադրվող վարկերը կազմում են մոտ 73%, իսկ արտարժույթով վարկերը՝ 27%, ընդ որում՝ արտարժույթով վարկերի կազմում գերակշռում են ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերը։ Վարկային կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորում են  ֆինանսական ոլորտը,  երկրորդ տեղում սպառողական վարկերն են, իսկ երրորդ տեղում՝ գյուղատնտեսությունը։

Վարկային կազմակերպությունների գործունեության հետ կապված առանցքային խնդիրներից մեկը տրամադրվող վարկերի փաստացի տոկոսադրույքներն են, որոնք երբեմն այնքան բարձր են, որ դուրս են խելամտության սահմաններից՝ ընդհուպ մինչև 200%։ Այս խնդրի լուծման նպատակով նախկինում շրջանառության մեջ դրվեց իրավական կարգավորման փաթեթ, որի նպատակն էր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների  տրամադրած վարկերի տոկոսադրույքների սահմանափակումը։ Համաձայն առաջարկվող նախագծի՝ վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցեր 25.6% - ը,  սակայն այդ նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Արամ Աճեմյան