Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութ ստեղծվեց, բայց տեսնում ենք՝ պատվաստումներում ընդգրկվածությունը մեծ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Արման Բադալյանը։

«Պատճառները երկուսն են. այն, որ կա պատվաստանյութի դեֆիցիտ, եւ, որ մարդիկ այդքան էլ հակված չեն պատվաստվելու։ Ասում էինք, որ պարբերաբար ունենալու ենք բռնկումներ, այսինքն՝ այդ համաճարակային կոնի վերելքներ լինելու են, քանի որ միջոցառումները, որոնք կիրառվում են, դրանք կրում են ժամանակավոր բնույթ, մինչեւ այն պահը, երբ ստեղծվի պատվաստանյութ»,- նշեց Բադալյանը։

Նրա խոսքով՝ փակ շղթա է սկսվում, ինչքան դանդաղում եսնք, այնքան վիրուսը բազմանում է, մուտացիաներ են լինում ու պատվաստումային գործընթացն էլ պրոբլեմատիկ է դառնում։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել նաեւ այլ երկրներում վարակի աճի հետ, Բադալյանն ասաց.

«Այն ժամանակ պատվաստանյութ չկար, այլ տարբերակ չկար, քան ճանապարհները փակելը։ Կարծում եմ՝ այս պահին խիստ սահմանափակումների գնալու կարիք չկա։ Հիմա արդեն ունենք ավելի հեշտ տարբերակ, դա պատվաստանյութն է»։

Մեզ հետ զրույցում համաճարակաբան Հովակիմ Զաքարյանն էլ ասաց, որ եթե չենք հետեւում հակահամաճարակային կանոններին, չենք պատվաստվում, բնականաբար կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աճելու է.

«Եթե կա պատվաստանյութ, որը պետք է ձեզ պաշտպանի, բայց դուք չեք գնում ու պատվաստվում, ակնհայտ է, որ թվերը կաճեն»։

Այն հարցին, եթե Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճ կա, դա կարո՞ղ է նպաստել Հայաստանում դեպքերի աճին, Զաքարյանն ասաց.

«Եթե շփվում ես այլ երկրների հետ, կա մարդկանց տեղափոխում մի երկրից մյուս երկիր, բնականաբար կգան նաեւ նոր վարակված մարդիկ։ Կարող է պայմանավորված լինել եւ մարդկանց տեղափոխումով, եւ ներսում վարակի տարածման տեմպերի արագացումով»։

Անդրադառնալով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներին՝ Հովակիմ Զաքարյանը նշեց, որ եթե հիվանդանոցներում պատշաճ բուժում է իրականացվում, ապա մահացության թվերը նվազում են. «Եթե լինեն շատ վարակվածներ, լինեն հոսպիտալացման շատ դեպքեր, ապա մենք կունենանք ավելի շատ մահացած մարդիկ»։