Սեւանից ջրի բացթողումը գումար վաստակելու միջոց համարող մարդիկ այսօր ավելացնում են այն: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա հիշեցրեց, որ իշխող քաղաքական ուժը ընդդիմադիր եղած տարիներին դա դիտարկում էր որպես գումար վաստակելու միջոց: «Այդ մարդիկ նախկինում բառացի ասում էին հետեւյալը. «Սեւանից ջրի բացթողումը գումար վաստակելու միջոց է: 1 սմ-ից վաստակում են 1 մլն դոլար»: Այդ մարդիկ ասում էին, որ Սեւանից բաց էին թողնում այնքան շատ ջուր, կարծես Հայաստանում երբեք չի եղել ո՛չ ձյուն, ո՛չ անձրեւ»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից ջրի լրացուցիչ բացթողման մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն խմ:
Նշենք, որ այս տարի շատ գյուղերի բնակիչներ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ կապված ոռոգման ջրի բացակայության հետ:




























