Կառավարության ծրագրում ասվում է նավ գնելու անհրաժեշտության մասին, բայց արդյո՞ք դա է այսօր մեր հիմնական խնդիրը: Այս մասին օգոստոսի 25-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա նաեւ  քննադատեց տնտեսության ներառական զարգացում ապահովելու իշխանությունների մտադրությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջին աշխատավարձը 20 հազար դրամով (40 դոլարով) բարձրացնելու պլանների պայմաններում միլիոնատերերի կարողությունը կկրկնապատկվի:

Կառավարության 2019 թվականի ծրագրի հիմնաքարը, ինչպես հիշեցրեց Խաչատրյանը, երջանկությունն էր:

«Մեզանից քանի՞սն են երջանիկ 2020 թվականի նոյեմբերից ի վեր: Եթե ​​գլխավոր խոստումը չի կատարվել, արդյո՞ք այն կկատարվի Կառավարության 2021 թվականի ծրագրում: Սա է այս ծրագրի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառը: Դուք կարող եք գրել՝ ինչ ցանկանում եք, բայց դիրքորոշումը պետք է պայմանավորված լինի անցյալի հաջողություններով կամ անհաջողություններով:

Էկոնոմիկայի նախարարը, օրինակ, ասում է, որ տնտեսությունն աճում է: 2019-ին կառավարությունը 7.6 տոկոս տնտեսական աճ էր գրանցել, որից 5.4 տոկոսը՝ առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում: Ի վերջո, բոլորին է հայտնի տոտալիզատորների մասնաբաժինն այդ ցուցանիշներում: Վարչապետը, սակայն, հայտարարեց, որ կորոնավիրուսը նոր հնարավորություններ է ընձեռում, պատմեց 30 միլիարդի չափի հնարավորությունների մասին՝ չնայած բյուջեի եւ առեւտրի հաշվեկշռում այդ թվերը տեսանելի չեն: Իսկ հիամ՝ հարց. արդյո՞ք ներդրողը գումար կներդնի մի երկրում, որտեղ, կառավարության կարծիքով, դատարանը պետք է անի այն, ինչ իշխանություններն են ուզում»,- շեշտեց պատգամավորը:

Խոսելով տեղեկատվական տեխնոլոգիաներ զարգացնելու իշխանությունների մտադրության մասին՝ նա հիշեցրեց, որ շատ տեխնոլոգիական կենտրոններ եւ ընկերություններ ստեղծվել են ոչ թե վերջին երեք տարվա ընթացքում, այլ՝ շատ ավելի վաղ: