Լեոնարդո դա Վինչիի Salvator Mundi («Աշխարհի փրկիչը») կտավը աճուրդի դրվելու դեպքում կարող է համաշխարհային ռեկորդ սահմանել։ Փորձագետները կարծում են, որ հռչակավոր գեղանկարչի այս կտավը կարող է վաճառվել 125 մլն ֆունտ սթերլինգով (201 մլն դոլար)։ Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Telegraph-ին՝ ներկայումս ամենաթանկ աշխատանքը Ջեքսոն Պոլլոքի «Թիվ 5, 1948» նկարն է, որը 2006-ին վաճառվել է 140 մլն դոլարով։

Լեոնարդոն «Աշխարհի փրկիչը» կտավը 1506-1513 թվականներին վրձնել է Ֆրանսիայի Լյուդովիկոս 12-րդ թագավորի համար։ 17-րդ դարում կտավը պատկանել է Անգլիայի թագավորներ Կառլ Առաջինին եւ Կառլ Երկրորդին, սակայն 19-րդ դարի կեսերին կորել է տեսադաշտից։ Երկար ժամանակ կարծիք է եղել, որ նկարը պատկանում է դա Վինչիի աշակերտներից մեկի վրձնին։ Ոչ ճիշտ ատրիբուտիկայի պատճառով 1959 թվականին կայացած աճուրդում կտավը գնել են ընդամենը 80 դոլարով։ Ներկայումս նկարը պատկանում է ամերիկացի արտ-դիլերների կոնսորցիումին, որը կտավը գնել է 2005 թվականին։ Այն ժամանակ էլ ռեստավրացիա է իրականացվել, որը վերջնականապես բացահայտել եւ ամրապնդել է Լեոնարդոյի՝ կտավի հեղինակը լինելու փաստը։