Բրիտանացի պատմաբան Էդմունդ Ռիչարդսոնի՝ Ալեքսանդր Մակեդոնացուն նվիրված գիրքն արժանացել է ոչ գեղարվեստական գրականության ոլորտում հեղինակավոր Baillie Gifford Prize մրցանակին։ Հաղթողի անունը հայտարարվել է նոյեմբերի 4-ին Լոնդոնում կայացած արարողության ժամանակ։

Ռիչարդսոնի «Ալեքսանդր. աստված, արքա, մարդ» աշխատությունը լավագույնն է ճանաչվել մրցույթին ներկայացված ավելի քան 350 գրքերի շարքում։ Մրցանակի չափը 50 հազար ֆունտ ստեռլինգ է (67,5 հազար դոլար)։

Ժյուրիի նախագահ, բրիտանացի լրագրող Քիրսթի Լանգը նշել է, որ մրցանակի պատմության մեջ առաջին անգամ հաղթել է հին պատմությանը նվիրված գիրք։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունը «կարդացվում է վեպի պես» և ընթերցողին հնարավորություն է տալիս իրեն զգալ զորավարի՝ Եգիպտոսից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող արշավանքների մասնակից։

Ռիչարդսոնը, որը դասական բանասիրություն է դասավանդում Դարեմի համալսարանում, գրքի վրա աշխատել է շուրջ 10 տարի։ Ուսումնասիրության ընթացքում նա օգտվել է 12 հին լեզուներով աղբյուրներից։

Associated Press-ին տված հարցազրույցում պատմաբանը նշել է, որ ժամանակակիցներն Ալեքսանդրին Մեծ չէին անվանում և չէին սպասում, որ նա կստեղծի անտիկ աշխարհի խոշորագույն տերություններից մեկը։ Ռիչարդսոնի խոսքով՝ երիտասարդ տիրակալը քսան տարեկանում ժառանգել էր պարտքերով ծանրաբեռնված Մակեդոնական թագավորությունը և ընկալվում էր նախևառաջ որպես նշանավոր հոր որդի։

Հեղինակի կարծիքով՝ Ալեքսանդրի արշավանքները համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններից էին․ դրանք աննախադեպ կապեր ստեղծեցին Միջերկրածովից մինչև Հնդկաստան ընկած տարածաշրջանների միջև՝ արագացնելով գիտելիքների, կրոնական պատկերացումների, գիտական գաղափարների ու մշակութային նվաճումների փոխանակումը։

Մրցանակի ժյուրին գիրքը բնութագրել է որպես «սիրո ուղերձ՝ ուղղված հումանիտար գիտելիքին» և պատմաբանների ու հնագետների աշխատանքին։ Լանգի կարծիքով՝ հին հունական պատմության նկատմամբ հետաքրքրությունն այսօր լրացուցիչ խթանվում է «Ոդիսականի» հիման վրա նկարահանված՝ Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմի թողարկմամբ։ Նա նշել է, որ անտիկ սյուժեները շարունակում են արձագանք գտնել ժամանակակից լսարանի շրջանում՝ շնորհիվ կյանքի, մահվան, սիրո և ողբերգության համամարդկային թեմաների։

1999 թվականին հիմնադրված Baillie Gifford Prize մրցանակն ամեն տարի շնորհվում է ոչ գեղարվեստական ժանրի անգլալեզու ստեղծագործությունների հեղինակներին։ Այն ընդգրկում է պատմությանը, քաղաքականությանը, գիտությանը, կենսագրություններին և ժամանակակից հասարակական խնդիրներին նվիրված գրքեր։ Այս տարի ներկայացված ավելի քան 350 աշխատություններից եզրափակիչ փուլ էին անցել նաև գրող Ջեյմս Բոլդուինին, վիպասանուհի Բարբարա Քարթլենդին, Սիրիայի իրադարձություններին և XVIII դարի հետազոտող Գեորգ Ֆորստերին նվիրված գրքերը։ Անցյալ տարի մրցանակն ստացել էր ավստրալացի գրող Հելեն Գարները՝ «Ինչպես ավարտել պատմությունը» (How to End a Story) օրագրերի ժողովածուի համար։