Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանի մահվան կապակցությամբ:

Նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ստամբոլցյանների ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով լսեցի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան բոթը:

Մենք կորցրինք տաղանդավոր երգեհոնահարի եւ հմուտ մանկավարժի, որի ավանդն անգնահատելի է հայ երգեհոնային կատարողական արվեստում: Վահագն Ստամբոլցյանի անունն ու հիշատակը միշտ վառ կմնան մեր սրտերում:

Խորապես ցավակցում եմ Ձեզ եւ կիսում Ձեր վիշտը»:

Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը մահացել էր հուլիսի 5-ի առավոտյան  սրտի կաթվածից, 81 տարեկան հասակում:

Նշենք, որ Վահագն Ստամբոլցյանը իր 80-ամյա հոբելյանի առթիվ  համերգային շրջագայություններով էր  հանդես գալիս: Հունիսի 17-ին  Կապանի արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր սիրված երգեհոնահարին: Երգեհոնահարը նշել էր, որ ինքը չի սիրում նշել իր ծննդյան օրերը, բայց չի կարողացել մերժել մշակույթի նախարարության եւ կամերային երաժշտության  ազգային կենտրոնի նախաձեռնությունը:

Ստամբոլցյանի հոբելյանին նվիրված 1-ին համերգները տեղի են  ունեցել Սանկտ-Պետերբուրգում, քանի որ նա ուսումը ստացել է հենց այդ քաղաքում եւ 10 տարի էլ աշխատել այնտեղ:

Կապանում իր ելույթից հետո, Վահագն Ստամբոլցյանի առողջական վիճակը վատթարացել է եւ նրան սրտի կաթվածով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Էրեբունի» բժշկական կենտրոն: