Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 7-ի երեկոյան ժամանում է Երեւան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց դիվանագիտական աղբյուրը:

Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացնելու է ՌԴ նախագահի մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նման առաքելությամբ Լավրովը մեկնելու է նաեւ Բաքու:

Նշենք, որ հունիսի 24-ին Կազանում կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՌԴ նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Հանդիպման արդյունքներով ընդամենը հայտարարություն էր ստորագրվել, իսկ դրանից հետո Հայաստանն Ադրբեջանին մեղադրել էր ոչ կառուցողական պահվածքի մեջ:

Հուլիսի 1-ին Կիեւում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են ակտիվացնել իրենց միջնորդական ջանքերը, իսկ Կազանի բանակցությունների ձախողումը չի նշանակում բանակցային գործընթացի ավարտ: Նա նաեւ ասել էր, թե Մեդվեդեւը հակամարտության կարգավորման իր տեսլականն ուղարկել է գրավոր տեսքով: «Կարծում եմ` շուտով կստանանք այն, կտեսնենք, թե ինչպես առաջ շարժվել»,- ասել էր Սարգսյանը: