Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան` Դոնի Ռոստով քաղաքում հուլիսի 8-ին կայանալիք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի   13-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 8-ին հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանն առանձնազրույց կունենա ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ, այնուհետեւ կմասնակցի հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Հաջորդիվ նախատեսվում է Տիգրան Սարգսյանի եւ Իգոր Լեւիտինի համատեղ մամուլի ասուլիսը:

 ՀՀ կառավարության ղեկավարը նաեւ կայցելի «Ռոսսելմաշ» կոմբայնների գործարան, կլինի լազերային եւ կոմբայնների հավաքման արտադրամասերում:

 Հուլիսի 9-ին Տիգրան Սարգսյանը կայցելի Դոնի Ռոստովի հայկական «Սուրբ Հարություն» եկեղեցի, կլինի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում եւ կհանդիպի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։