Վրաստանում լուսանկարիչների ձերբակալման մասին գործը քննվում է «գաղտնի» մակագրությամբ։

Ինչպես «Պիրվելի» գործակալությանն ասել է լուսանակարիչներից Գեորգի Աբդալաձեի փաստաբան Ռամազ Չինչալաձեն, ինքը հանդիպել է քննիչի հետ եւ համաձայնագիր ստորագրել, համաձայն որի լրատվամիջոցների ներկայացուցիչներին կամ որեւէ երրորդ անձի գործով տեղեկություններ չի կարող տրամադրել։

Ինչպես հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն, Վրաստանի ՆԳՆ Հակահետախուզական դեպարտամենտի կողմից ձերբակալվել են Զուրաբ Կուրցիկաձեն, Իրակլի Գեդենիձեն (նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության լուսանկարիչ), նրա կինը՝ Նաթիա Գեդենիձեն եւ Գեորգի Աբդալաձեն (Վրաստանի ԱԳՆ-ի լուսնակարիչ) ։

Ձերբակալվածներին մեղադրում են Վրաստանի շահերի հակառակորդ երկրի հովանու ներք գործող կազմակերպություններին տարաբնույթ տեղեկատվություն մատակարարելու մեջ։ Կատարվում է հետքննություն։