ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես, ասված է.

«Սրտի կսկիծով տեղեկացա մեր երկրի արժանավոր զավակ,  Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ` հատուկ հանձնարարությունների գծով Կարեն Զարմայրի Բաբուրյանի մահվան մասին:

Կարեն Բաբուրյանը ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր եւ շոշափելի ներդրում ունի Արցախյան անկախ պետականության կերտման գործում: Մեր հանրապետության պատմության ամենապատասխանատու ժամանակահատվածներից մեկում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ, այդ թվում` ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը, նա արժանվույնս դրսեւորեց իրեն որպես հմուտ հասարակական եւ քաղաքական գործիչ:

Հայրենիքը բարձր գնահատեց Կարեն Բաբուրյանի վաստակը` պարգեւատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Անդառնալի կորստի այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ հոգու կորով:

Կարեն Բաբուրյանի հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»:

Կարեն Բաբուրյանը ծնվել է 1954 թվականին, Ստեփանակերտ քաղաքում: 1971 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, իսկ 1980-ին` Բաքվի Կիրովի անվան պետական  համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1980-91թ.թ. աշխատել է ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Մարզային Խորհրդի  գործադիր կոմիտեում` որպես հրահանգիչ, նախագահի օգնական, կազմհրահանգչային բաժնի վարիչ: 1992 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պետական շինարարության, իրավունքի եւ օրինականության մշտական հանձնաժողովի նախագահ:

1993-96թ.թ. զբաղեցրել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարի, այնուհետեւ` նախագահի պաշտոնը: 1997 թվականին նշանակվել է ԼՂՀ ԱԳ փոխնախարար: 1997 թվականի դեկտեմբերից մինչեւ 2001 թվականը աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` որպես իրավաբանական բաժնի վարիչ, այնուհետեւ` որպես ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ:

2001 թվականից մինչեւ 2008 թվականը զբաղեցրել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: 2006-2007թ.թ. եղել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար: 2008 թվականի մայիսից զբաղեցնում էր Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը:

ԼՂՀ առաջին երեք գումարումների խորհրդարանի պատգամավոր էր:

Կարեն Բաբուրյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շահերը ԽՍՀՄ Սահմանադրական դատարանում, ղեկավարել է ԼՂՀ պատվիրակությունը Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ: ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համաժողովի շրջանակներում բազմիցս մասնակցել է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներին: 1994 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ստորագրել է Բիշքեկի արձանագրությունը: Պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ»  ԼՂՀ շքանշանով: