Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն լուրջ դիմակայություն է կանխատեսում երկրի իշխանությունների եւ եկեղեցու միջեւ` այլ կրոնական կազմակերպություններին հանրային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ տրամադրելու օրինագծի ընդունման կապակցությամբ: «Այդ որոշմամբ խորհրդարանն ու նախագահն իրենց դեմ հանեցին Վրաստանի պատրիարքությանը, եւ դա մոտ ապագայում բացասական արդյունքներ է բերելու»,- «Ասավալի-դասավալի» թերթին տված հարցազրույցում ասել է Էդուարդ Շեւարդնաձեն:

Նա հիշեցրել է, որ իր նախագահության օրոք` 2002թ. Վրաց ուղղափառ եկեղեցին կոնկորդատ է կնքել պետության հետ, որում ընդգծվել է նրա առանձնահատուկ դերը:

Շեւարդնաձեն ընդգծել է, թե խորհրդարանը պետք է ներողություն խնդրի Իլյա 2-րդից, որին ինքը վաղուց այդքան «վրդովված չէր տեսել»: «Ես ինքս մտադիր եմ այցելել Պատրիարքին եւ ներողություն խնդրել պատգամավորների փոխարեն, ովքեր չեն հասկանում, թե ինչ են անում»,- ասել է նա:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով փոփոխություններ է կատարել քաղաքացիական օրենսգրքում եւ կարգավիճակ է տվել հայ առաքելական, հռոմեա-կաթոլիկ եւ բապտիստական եկեղեցիներին, հրեական եւ մահմեդական համայնքներին: