Ծնելիության մակարդակի նվազման եւ ծերացող հասարակության ֆոնին Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կկազմի շուրջ 2,3-2,5 մլն մարդ։ Հուլիսի 11-ին՝ Երկրագնդի ազգաբնակչության օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Նրա խոսքով, թեպետ ազգաբնակչության թվաքանակը զարգացած եւ միջին երկրներում անշեղորեն նվազում է, փոխարենը մեծ աճ է ապրում զարգացող երկրներում։ «Հենց դրա հաշվին էլ ամեն տարի աշխարհի բնակչությունն ավելանում է 78 մլն մարդով եւ 2011 թվականի հոկտեմբերի 31-ին կհասնի 7 միլիարդի»,- տեղեկացրեց Հայրապետյանը՝ միաժամանակ հավելելով, որ Երկրագունդը պատրաստ է «սատարել», առավելագույնը 10 մլրդ բնակչության (ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժնի կանխատեսումների՝ 8 մլրդ մարդու կհասնի 2025-ին, 9 միլիարդի՝ 2043-ին, իսկ արդեն 10 միլիարդի՝ 2083 թվականին)։

«Դեռ 1800 թվականին Երկրի բնակչությունն ընդամենը 1 մլրդ էր, սակայն այս կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 200 տարվա ընթացքում, ավելացել է գրեթե 7 անգամ։ Այն ժամանակվա աշխարհի բնակչությունը կտեղավորվեր մերօրյա 20 խոշոր քաղաքներում»,-նկատեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը։

Ամփոփելով՝ Գարիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ ըստ ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտության վիճակագրական տվյալների՝ հայաստանյան ընտանիքների 57 տոկոսի համար ցանկալի է 3-4 երեխա ունենալ, մինչդեռ երեխաների այժմյան միջին թիվը 2-ն է։

Նշենք, որ համաձայն նույն տվյալների՝ հայ ընտանիքների 68 տոկոսը ցանկություն չունի մոտակա 3 տարիներին եւս մեկ երեխա ունենալ, 16 տոկոսը չի կողմնորոշվել եւ միայն 16 տոկոսն է մտադիր առաջիկա երեք տարներին զավակներ ունենալ։