Վաղը, հուլիսի 12-ին Երեւանում ժամը 20-ին կայանալիք խաղով Հայաստանի չեմպիոն Երեւանի Փյունիկը կմեկնարկի Չեմպիոնների լիգայում: Որակավորման երկրորդ փուլում Փյունիկը կմրցի Չեխիայի Պլզեն քաղաքի Վիկտորիայի հետ:

Այսօր, հուլիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի եւ Փյունիկի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ մրցակիցը կազմակերպված թիմ է, սակայն առավելագույն հնարավորությունների դրսեւորման դեպքում Փյունիկը կարող է դրական արդյունքի հասնել: Մինասյանի հավաստմամբ նախորդ տարիների մրցակիցները` Զագրեբի Դինամոն ու Բելգրադի Պարտիզանն ավելի իմպրովիզացիաներով էին խաղում, իսկ Վիկտորիան կարգապահ թիմ է: Մինասյանն իր թիմի ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել մոռանալ Հայաստանի առաջնության մասին եւ վաղվա խաղում հաղթանակի հասնելու համար գործել ավելի արագ:

Անդրադառնալով Հայաստանի առաջնությանը` Վարդան Մինասյանը նշեց, որ չեմպիոն դառնալը գերխնդիր չէ, սակայն դա թիմը սովորականի նման պայքարում է ամեն խաղում եւ առաջին տեղի համար: