Քաղաքական կոնֆլիկտները չպետք է խանգարեն զբոսաշրջության ոլորտի նախաձեռնություններին: Այսօր` հուլիսի 12-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության փորձագետ Էլեն Բերմանը: Նրա խոսքով` ընդհակառակը զբոսաշրջության ոլորտում նախաձեռնությունները կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել կոնֆլիկտների կարգավորման համար:
ՄԱԿ-ի փորձագետը նշեց նաեւ, որ Հայաստանն ու Վրաստանը շատ կայուն երկրներ են, եւ շատ ավելի կայուն, քան աշխարհի շատ այլ երկրներ: Տիկ. Բերմանի կարծիքով` Հայաստանը շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար, սակայն ճանապարհներին քիչ են ուղեցույցները, որպեսզի անհատ զբոսաշրջիկները կարողանան կողմնորոշվել:
Նշենք, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հուլիսի 5-ին հուշագիր են ստորագրել տարածաշրջանային զբոսաշրջության խթանման համար:




























