Հայաստանում զբոսաշրջությունը տարեկան 20-25 տոկոս աճ է արձանագրում, եւ այդ ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատար է: Այսօր` հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Թե կոնկրետ որքան է մեր հարեւան երկրներում զբոսաշրջության աճը` պաշտոնյան չէր հիշում:

Նշենք, որ միայն Աջարիա այցելությունները 2010 թ. նախորդ տարվա համեմատ աճել են գրեթե 100 տոկոսով եւ գերազանցել են 900 հազարի ցուցանիշը: Ինչ վերաբերում է Վրաստանի ընդհանուր ցուցանիշին, ապա պաշտոնական տվյալներով այս տարվա 6 ամիսների ընթացքում Վրաստան են այցելել մոտ 1.1 մլն զբոսաշրջիկներ, որը 45 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Հատկանշական է, որ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը չի հրապարակել հունվար-մայիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների մասին տեղեկատվություն: Իսկ հունվար-ապրիլի տվյալներով` Հայաստան են այցելել 113 հազ. զբոսաշրջիկներ, որը 22 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Մ. Ապրեսյանը հայտարարեց նաեւ, որ զբոսաշրջության ոլորտի հայաստանյան գները միանգամայն մրցունակ են շատ այլ երկրների հետ համեմատած: