Մեծ է ֆրանսիական Լիոն քաղաքի  ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերություններում, ինչպես նաեւ  ապակենտրոնացված համագործակցության զարգացման գործում: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` Լիոնի քաղաքապետ, սենատոր  Ժերար Կոլոմբի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:  Նա   անհրաժեշտ է համարել Հայաստանի եւ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ուղիղ կապերի, միջհամայնքային, միջշրջանային  համագործակցության ակտիվացումը եւ  եւ այդ համատեքստում կարեւորել Երեւանի եւ Լիոնի միջեւ գործակցության զարգացումը:

Նա կարեւորել է նաեւ Լիոնի դերը 2010թ-ին Երեւանում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազմակերպման գործում, որին մասնակցել են մոտ 3 տասնյակ ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտել Ֆրանսիայի իշխանություններին ֆրանսահայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:

Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբն իր հերթին նշել է, որ  այցի նպատակն է առավել ամրապնդել Լիոն-Երեւան փոխգործակցությունը: Նրա խոսքով` Հայաստանի եւ Լիոնի միջեւ հարաբերությունները հին են ու ջերմ եւ սկիզբ են առել դեռեւս 1915թ.-ից, երբ ցեղասպանությունից մազապուրծ հայերը  հաստատվել են Լիոնի շրջակայքում: Այդ ժամանակից ի վեր Լիոնի իշխանությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայ դատի, հայ ժողովրդի  մշակույթի եւ պատմության նկատմամբ: Պարոն Կոլոմբը խորհրդարանի նախագահին ներկայացրել է երկու քաղաքների միջեւ համագործակցության կոնկրետ բնագավառները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ներքաղաքական հարցերին, քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: