Վրաստանի «Ինքնապաշտպանություն» շարժման անդամ Լադո Սադգոբելաշվիլին եւ ռեժիսոր Զազա Սվանաձեն մեղադրում են «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանին «Վրաստանին դավաճանելու եւ սեփական գործարար շահերով առաջնորդվելու մեջ»։ Ինչպես հաղորդում է «Գռուզիա օնլայնը», ռեժիսոր Սվանաձեն ասել է, որ վերջին օրերի ընթացքում Ստեփանյանը Վրաստանում հակահայկական 38 ելույթներ է արձանագրել, ինչպես նաեւ մեղադրել Վրաստանում հանրաճանաչ մարդկանց ծայրահեղականության մեջ։

«Այդ ցուցակում Մարիկա Լորդկիպանիձեի, Թեմուր Շաշիաշվիլիի, Սոսո Մանջավաձեի եւ Ռեզո Ամաշուկելիի կողքին հայտնվել եմ նաեւ ես։ Անհասկանալի է, ինչո՞ւ է Ստեփանյանը մեղադրում մեզ ծայրահեղականության քարոզի մեջ, երբ այդ նույն բանը անում են էթնիկ հայերը։ Պետք է նշել, որ Ստեփանյանը սկզբից եւեթ հայտարարում էր, որ այդ փաստաթուղթը նրան հարկավոր էր դատախազություն ներկայացնելու համար։ Սակայն այժմ հայտնի է դարձել, որ Ստեփանյանը այդ ցուցակը հանձնելու է Վրաստանում հավատարմագրված դեսպանություններին, որ նրանք մեզ մուտքի արտոնագիր հետագայում չտրամադրեն»,- ասել է ռեժիսորը։

«Ինքնապաշտպանության» անդամ Լադո Սադգոբելաշվիլիի խոսքով՝ Ստեփանյանը ինքն է ծայրահեղականություն քարոզում։ Նրան հետաքրքրում է, թե ո՞վ է իրականում Առնոլդ Ստեփանյանը՝ գործարար, թե՞ իրավապաշպան։ «Մենք լավ ենք հիշում, որ նա մի քանի տարի առաջ պահանջում էր Ջավախքի ինքնավար հանրապետություն ստեղծեր։ Լավ հայտնի է նաեւ, որ նա Թբիլիսիում լավ բիզնես ունի։ Իմ կարծիքով Ստեփանյանը Վրաստանի դավաճան է»,- եզրակացրել է Սադգոբելաշվիլին։