Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` հուլիսի 18-ին մեկնել է Արգենտինա` մասնակցելու Բուենոս-Այրեսում կայանալիք անասնաբուծության, գյուղատնտեսության եւ միջազգային արդյունաբերության 125-րդ հեղինակավոր ցուցահանդեսին:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կայանալու է 2011 թվականի հուլիսի 23-ին «Լա Ռուրալ» մրցադաշտում:

Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունենալու չեմպիոն հռչակված գյուղատնտեսական կենդանիների շքերթ, ներկայացվելու են արգենտինական արտադրության գյուղատնտեսական ապրանքներ, կազմակերպվելու են թեմատիկ համաժողովներ եւ սեմինարներ, գործնական հանդիպումներ:

Նախատեսվում է նախարարի հանդիպումը Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության եւ ձկնաբուծության նախարար Խուլիան Դոմինգեսի հետ: Կքննարկվի երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կստորագրվի «Հայաստանի գյուղատնտեսության նախարարության եւ Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության եւ ձկնաբուծության նախարարության միջեւ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Այցի ընթացքում Սերգո Կարապետյանը կհանդիպի արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես, ճանաչված գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ:

Հիմնական նպատակը վերջինիս գյուղատնտեսական արտադրությանն ու վերամշակող ձեռնարկություններին ծանոթանալն է, արգենտինական առաջավոր փորձը մեզանում օգտագործելու եւ տեղայնացնելու ցանկությունը:

Հաջորդ հանդիպումը կլինի ագրոպարենային բնագավառի արգենտինահայ գործարարների հետ, որոնց նախարարը կհրավիրի մասնակցելու  ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 14-16-ը Երեւանում կազմակերպվող հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովին: