Թուրքմենստանը Չինաստանի հետ համաձայնագրեր կստորագրի՝ գազի «Գալկինիշ» հանքավայրի 16 հորերի սպասարկման եւ «Բաղաջա» ու «Գարաբիլ» հանքավայրերի համար սարքավորումներ եւ ծառայություններ մատակարարելու վերաբերյալ։ Ինչպես երեկ ուշ երեկոյան հայտնել է թուրքմենական պետական TDH գործակալությունը, համապատասխան փաստաթուղթը ստորագրել է պետության ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախատեսվում է լրացուցիչ պայմանագրեր կնքել «Թուրքմենգազի» եւ CNPC պետական կոնցեռնի միջեւ պայմանագրերի վճարման, ներառյալ «Գալկինիշ» հանքավայրի 16 հորերի մատակարարումը քիմիական արտադրանքով եւ հորատման հեղուկների պատրաստման, դրանց շահագործման համար ինժեներական ծառայությունների, հորատանցքերի համապատասխան սարքավորման պայմանները փոխելու համար: Նախատեսվում է նաեւ լրացուցիչ պայմանագրեր կնքել «Գալկինիշ», «Գարաբիլ» եւ «Բաղաջա» հանքավայրերում մասնագիտացված սարքավորումների տեղադրման եւ հարակից ծառայությունների մատուցման հետ կապված։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կկազմի 106,2 մլն դոլար»,- հայտնում է գործակալությունը։
Նշվում է, որ Բերդիմուհամեդովը «գոհունակությամբ հայտարարել է Չինաստանի հետ միջպետական հարաբերությունների անփոփոխ բարեկամական եւ կառուցողական բնույթի մասին»։ «Մեր երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում տպավորիչ ներուժ ունի, որի իրականացումը համապատասխանում է ոչ միայն փոխադարձ շահերին, այլեւ ողջ տարածաշրջանի բարօրության եւ բարգավաճման նպատակներին»,- ընդգծել է նախագահը։
«Ներդրումները պետք է վերադարձվեն երկրում ստացված հումքային պաշարներով»,- նշել է պետության ղեկավարը։
Չինաստանը թուրքմենական բնական գազի խոշորագույն ներկրողն է, որը մատակարարվում է Թուրքմենստան-Ուզբեկստան-Ղազախստան-Չինաստան խողովակաշարով։ Ներկայում թուրքմենական գազամատակարարումն իրականացվում է արեւելյան եւ հյուսիսային ուղղություններով, ընթացքի մեջ է նաեւ Աֆղանստանի եւ Պակիստանի տարածքով դեպի Հնդկաստան գազատարի կառուցումը։ Թուրքմենստանը միաժամանակ երկխոսություն է վարում ԵՄ-ի հետ՝ Եվրոպա գազի մատակարարման հնարավորության շուրջ։





























