Որպես կանոն նախընտրական շրջանում տեղի է ունենում կուսակցականացման ակտիվ գործընթաց, քաղաքական ուժերը համալրվում են նոր անդամներով:  Հայաստանյան քաղաքական դաշտում, սակայն, անդամագրումների առումով  որոշակի պասիվություն է տիրում: Իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունները, ինչպես պարզեցին NEWS.am-ի հարցումները, թեեւ համալրվում են, սակայն ոչ այնքան ակտիվ ու զանգվածաբար, ինչպես սովորաբար տեղի է ունենում ընտրություններից առաջ: Կուսակցության պատասխանատուները հանգամանքը բացատրում են ամռան շոգ եղանակով`հույս հայտնելով, որ անդամագրումների առումով ակտիվություն կնկատվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած:

Այնուամենայնիվ, քանի՞ անդամ ունեն այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են մտնել ապագա խորհրդարան: Օրինակ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»:

NEWS.am-ի հարցումները`նշված կուսակցությունների անդամների թվի վերաբերյալ կոնկրետ տվյալներ իմանալու համար, ուշագրավ պատկեր վեր հանեցին: Պարզվեց, որ ամենաբազմամարդ կուսակցությունը ՀՀԿ-ն է`ունի մոտ 135 հազար անդամ, իսկ վերջին շրջանում կուսակցությանն անդամագրվել է 8 հազարից ավելի մարդ:

Կոալիցիայի մեկ այլ կուսակցության`«Բարգավաճ Հայաստանի» անդամների թիվն իմանալու փորձը, մեղմ ասած, անհաջողության մատնվեց. կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը նախ մեկ օր խնդրեց, որպեսզի ճշտի ու հայտնի ԲՀԿ-ի անդամների թիվը: Իսկ երբ պայմանավորված ժամին զանգահարեցինք, նա հայտարարեց, թե այդ հարցի վերաբերյալ մամուլում արդեն իսկ եղել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պատասխանը  եւ ինքը ասվածին ավելացնելու որեւէ բան չունի: Նա, այնուամենայնիվ հայտարարեց. «Կուսակցությունը  հո գործարան չի՞, որ իմանանք, թե քանի հոգի մարդ կա: Կուսակցությունն օրգանիզմ է, որտեղ անընդհատ պրոցեսներ են տեղի ունենում»: Հարցին, թե այս պահին մոտավորապես քանի՞ անդամ ունի  կուսակցությունը` 100, 150, 200 հազար, Մհերյանը բորբոքված տոնով արձագանքեց. «Ես չեմ հասկանում, դուք ինձ փորձում եք պրովոկացիայի ենթարկե՞ք, ինչու եք թիվ նշում»: Պարոն Մհերյանը անպտուղ հարցուպատասխանի ժամանակ հասցրեց նաեւ NEWS.am-ի թղթակցին վիրավորել` նրան անվանելով  «սկանդալիստ»:

(Նշենք, որ 2007 թվականի ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ անդամների պաշտոնական թիվը 370 հազար էր, սակայն ընտրություններից մի քանի ամիս անց ԲՀԿ քարտուղար Արամ Սաֆարյանը խոստովանեց, որ ԲՀԿ-ն անդամների թիվն իրականում 80 հազար է):

Կոալիցիայի անդամ մեկ այլ կուսակցության`ՕԵԿ անդամների ստույգ թիվն իմանալ եւս չհաջողվեց: Կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը նշեց, որ. «ՕԵԿ-ում  տեղի է ունենում անձնական գործերի  հաշվառման գործընթաց, հետեւաբար, այս պահի դրությամբ, կուսակցականների թվի մասին ստույգ տեղեկատվություն  դժվար է ասել: Սակայն, ՕԵԿ  անդամների թիվը գերազանցում է 100 հազարը»:

Խորհրդարան մտած մեկ այլ կուսակցության` Հայ հեղափոխական դաշնակցության անդամների թիվը Հայսատանում մոտ 6 հազար է: Ինչպես նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը` կուսակցությանը շարքերի համալրումը վերջին 6 ամիսների ընթացքում շարունակվում է: «Չէի ասի, որ անդամագրումը ակտիվ է, սովորական տեմպով է ընթանում»,-նշեց նա:

«Ժառանգություն» կուսակցությունը եւս աչքի չի ընկնում բազմանդամությամբ:

Կուսակցության անդամների թիվը ներկա պահին 4500 է, վերջին 6 ամիսների ընթացքում կուսակցությանն անդամագրվել է 350 մարդ: Ինչպես հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` անդամագրումների առումով ակտիվություն է նկատվել հատկապես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ծոմապահությունից հետո: ««Ժառանգությունը» կադրային կուսակցություն է, ոչ թե զանգվածային: Այսինքն, մենք խնդիր չենք դրել կուսակցության անդամների թիվը ինքնանպատակ ավելացնել»,-նշեց Խուրշուդյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ 2007 թվականին, երբ «Ժառանգությունը» առաջին անգամ մտավ խորհրդարան, ուներ մոտ 2500 անդամ:

Ապագա խորհրդարան մտնելու հայտ ներկայացրած մեկ այլ քաղաքական կազմակերպության` Հայ ազգային կոնգրեսի անդամների թիվը ճշտել չհաջողվեց: ՀԱԿ կենտրոնական գրասենյակից հայտնեցին, որ այդ հարցին կպատասխանի ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: Նրա հետ կապվելու NEWS.am-ի բազմաթիվ փորձերն ապարդյուն անցան: