Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, կապված ՀԱԿ-իշխանություն երկխոսության հետ:
Ստորեւ NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության տեսքստը.
«1. Ի գիտություն ընդունելով Հայ ազգային կոնգրես-իշխանություն բանակցություններում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվիրակությունը լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին, ներկայացնում է Գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանին, Հայ ազգային կոնգրեսը համարում է, որ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձեւաչափով եւ պատրաստ է նոր հանդիպման։
2. Ինչպես նշել էինք մեր նախորդ հայտարարության մեջ, հետագա հանդիպումները պետք է կայանան չեզոք վայրում։
3. Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար։
4. Պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։
5. Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին տեղի է ունեցել ՀԱԿ-իշխող կոալիցիա երկխոսության առաջին հանդիպումը, որի ժամանակ կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները:




























