«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը չի ցանկանում լուրջ մեկնաբանություն անել Վրաստանի «Ինքնապաշտպանություն» շարժման անդամ Լադո Սադգոբելաշվիլիի եւ ռեժիսոր Զազա Սվանաձեի՝ իր հասցեին արած անլուրջ հայտարարությունների շուրջ, համաձայն որոնց ինքն, իբրեւ, դավաճանել է Վրաստանին եւ առաջնորդվում է սեփական գործարար շահերով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ինքը՝ Առնոլդ Ստեփանյանը։

«Իմ մասին այդ մարդկանց հայտարարությունները շատ անլուրջ են ու անհիմն։ Այնտեղ ոչ համարժեք եւ ոչ ճիշտ հետեւություններ են արված»,- նկատեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է, ամեն դեպքում, վրացի գործիչների կողմից այդքան սուր քննադատության արժանացել, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահը նկատեց. «Իրենց աչքին առաջինը ես եմ երեւացել։ Վրաստանի հայ համայնքը պետք է խոսեր խնդիրների մասին, սակայն ցավոք սրտի, դրանց մասին  չի բարձրաձայնել։ Բնական է, որ եթե Վրաստանի հայկական կազմակերպություններից ոչ մեկը պաշտոնական հայտարարություններ չի անում, այս ֆոնին բոլոր հարվածները մեզ են բաժին հասնում»,- ամփոփեց Ստեփանյանը։

Նշենք, որ Վրաստանի «Ինքնապաշտպանություն» շարժման անդամ Լադո Սադգոբելաշվիլին եւ ռեժիսոր Զազա Սվանաձեն մեղադրել են Առնոլդ Ստեփանյանին «Վրաստանին դավաճանելու եւ սեփական գործարար շահերով առաջնորդվելու մեջ»։ Ռեժիսոր Սվանաձեն ասել է, որ վերջին օրերի ընթացքում Ստեփանյանն արձանագրել է, որ Վրաստանում 38 հակահայկական ելույթներ են հնչել, ինչպես նաեւ Վրաստանում հանրաճանաչ մարդկանց մեղադրել է ծայրահեղականության մեջ։

«Այդ ցուցակում Մարիկա Լորդկիպանիձեի, Թեմուր Շաշիաշվիլիի, Սոսո Մանջավաձեի եւ Ռեզո Ամաշուկելիի կողքին հայտնվել եմ նաեւ ես։ Անհասկանալի է, ինչո՞ւ է Ստեփանյանը մեղադրում մեզ ծայրահեղականության քարոզի մեջ, երբ այդ նույն բանը անում են հայերը։ Պետք է նշել, որ Ստեփանյանը սկզբից եւեթ հայտարարում էր, որ այդ փաստաթուղթը նրան հարկավոր էր դատախազություն ներկայացնելու համար։ Սակայն այժմ հայտնի է դարձել, որ Ստեփանյանը այդ ցուցակը հանձնելու է Վրաստանում հավատարմագրված դեսպանություններին, որ նրանք մեզ մուտքի արտոնագիր հետագայում չտրամադրեն»,- ասել է ռեժիսորը։

«Ինքնապաշտպանության» անդամ Լադո Սադգոբելաշվիլիի խոսքով՝ Ստեփանյանը ինքն է ծայրահեղականություն քարոզում։ Նրան հետաքրքրում է, թե ո՞վ է իրականում Առնոլդ Ստեփանյանը՝ գործարար, թե՞ իրավապաշպան։ «Մենք լավ ենք հիշում, որ նա մի քանի տարի առաջ պահանջում էր Ջավախքի ինքնավար հանրապետություն ստեղծել։ Լավ հայտնի է նաեւ, որ նա Թբիլիսիում լավ բիզնես ունի։ Իմ կարծիքով Ստեփանյանը Վրաստանի դավաճան է»,- եզրակացրել է Սադգոբելաշվիլին։