Հնդկաստանը պետության կողմից աջակցվող «թվային ռուփի» եւ վիրտուալ արժույթներից ստացված շահույթի 30 տոկոսանոց հարկ է ներդնում, հայտարարել է կառավարությունը։

Այս ծրագրերը հարված են հասցնում աշխարհի ամենաարագ աճող կրիպտոարժույթների շուկաներից մեկին, որը չկարգավորված է մնում՝ չնայած աճող տեղական առեւտրային հարթակներին եւ հայտնի մարդկանց աջակցությանը, գրում է AFP-ն:

«Վիրտուալ թվային ակտիվների գործարքների ֆենոմենալ աճ է գրանցվել»,- խորհրդարանին ասել է ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը՝ հավելելով, որ աճը պատշաճ հարկային բազա է պահանջում:

Կրիպտոարժույթների եւ այլ թվային ակտիվների առեւտրից ստացված շահույթը կհարկվի 30 տոկոս դրույքաչափով, իսկ թվային գործարքներից ցանկացած կորուստ չի փոխհատուցվի այլ եկամուտներով: Սկզբում թվային ակտիվների բոլոր գործարքների համար մեկ տոկոսի չափով հարկ կգանձվի, որոնք կգերազանցեն դեռեւս չսահմանված շեմը:

Սիթհարամանը նաեւ հայտարարել է, որ մինչեւ 2023 թվականի մարտի վերջ Կենտրոնական բանկը բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված «թվային ռուփի» կներդնի։ «Կենտրոնական բանկի թվային արժույթի ներդրումը մեծ զարկ կտա թվային տնտեսությանը։ Թվային արժույթը նաեւ կհանգեցնի արժույթի ավելի արդյունավետ եւ էժան կառավարման համակարգին»,- ասել է նա:

Կրիպտոարժույթներն ինտենսիվ հսկողության տակ են հնդկական կարգավորիչների կողմից գրեթե մեկ տասնամյակ առաջ տեղական շուկա դրանց առաջին մուտքից ի վեր, երբ խարդախ գործարքների աճը Կենտրոնական բանկի կողմից դրանց արգելմանը հանգեցրեց 2018 թվականին: Երկու տարի անց Հնդկաստանի Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց արգելքը, եւ այդ ժամանակից ի վեր մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ 2021 թվականի հունիս, շուկան աճեց գրեթե 650 տոկոսով՝ զիջելով միայն Վիետնամին:

Վարչապետ Նարենդրա Մոդին անցյալ տարի նախազգուշացրել էր, որ բիթքոինը վտանգ է ներկայացնում երիտասարդ սերնդի համար եւ կարող է «փչացնել մեր երիտասարդությունը», եթե այն հայտնվի «սխալ ձեռքերում»: Կառավարությունը շուտով առաջարկեց արգելել «բոլոր մասնավոր կրիպտոարժույթները», սակայն, ի վերջո, զերծ մնաց դա անելուց: