ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը կկայանա BRIDGE ARTSAKH-2011 3-րդ տնտեսական համաժողովը: Այն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների (Գործատուների) Միությունը եւ ՄԱՍՏԵՐ Միջազգային Ինտեգրման Աջակցության Կենտրոնը: Համաժողովի պաշտոնական գործընկերներն է Արցախի Ներդրումային Հիմնադրամը:

Համաժողովի շրջանակներում կանցկացվեն հատուկ քննարկումներ, պլենար եւ սեկցիոն նիստեր: BRIDGE ARTSAKH-2011 3-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում կանցկացվի ARTSAKH EXPO-2011 2-րդ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը:

BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովը եւս մեկ հուսալի կամուրջ է, որը միացնում է Լեռնային Ղարաբաղը ընկերների եւ արտաքին աշխարհի հետ: Համաժողովի շնորհիվ գործարարներ տարբեր երկրներից հնարավորություն կստանան տեղում ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի տնտեսական ներուժի եւ ներդրումային հնարվորությունների հետ:

Համաժողովի ներկայիս ձեւաչափը թույլ կտա քննարկել ակտուալ խնդիրները, նախանշել հետագա համագործակցության ուղիները, փոխանակել կարծիքներ, ծանոթանալ տարածաշրջանի զարգացման հեռանկարների, ներդրումային քաղաքականության հնարավորությունների հետ եւ իհարկե հաստատել նոր կապեր:

Համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում կհանդիպեն գործարարներ, պետական մարմինների եւ նախարարությունների ղեկավարներ Հայաստանից եւ Արցախից, ինչպես նաեւ Սփյուռքի ներկայացուցիչներ:

Համաժողովի պլենար նիստի գլխավոր թեզն է ` «Զարգացած տնտեսությունը որպես պետության զարգացման հիմք»: