Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը սկսել է քաղաքի կենտրոնում գտնվող հին ռուսական գերեզմանը ոչնչացնելու գործը, հաղորդում է Բաքվի «Իրական Ադրբեջան» թերթը: Նախատեսվում է գերեզմանոցի տարածքում քոթեջներ, նորակառույցներ եւ մասնավոր տներ կառուցել:
«Քաղաքի կենտրոնում գերեզմանոցների առկայության խնդրին առնչվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներ: Բայց ի տարբերություն մեզ, ոչ ոք թույլ չի տվել իրեն բարբարոսաբար` բուլդոզերներով ու տրակտորներով ոչնչացնել հին գերեզմանոցը: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում դա կոչվում է վանդալիզմ, ինչն էլ հիմա տեղի է ունենում մեր քաղաքում: «Բելառուս» տրակտորներով ոչնչացվում է հին գերեզմանոցը, իսկ գերեզմանների մետաղական ցանկապատները տեղափոխվում են պիկապներով»,- գրում է թերթը:
Միաժամանակ, երբ վրդովված բաքվեցիները դիմել են քաղաքապետարան` պահանջելով դադարեցնել ամենաթողությունը, Աբութալիբովը բնակիչներին վստահեցրել է, որ գերեզմանոցը ոչնչացվում է նախագահ Իլհամ Ալիեւի անձնական հրամանով եւ որ նա հրահանգել է այստեղով մեծ մայրուղի անցկացնել:




























