Եվրոպական հանձնաժողովը միջուկային եւ գազային էներգետիկան կայուն է անվանել։ Քննադատներն այդ քայլն անվանում են «կանաչ լվացում» եւ ասում, որ այն կարող է վտանգի տակ դնել 2050 թվականին կլիմայական չեզոք դառնալու դաշինքի ձգտումը, փոխանցում է DW-ն։

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կլիմայական չեզոքությունը համարել է «մեր եվրոպական ճակատագիրը», եւ հանդիսավոր կերպով հայտարարել է, որ ջանք չի խնայի, որպեսզի Եվրոպան դառնա աշխարհում առաջին մայրցամաքը՝ զրոյական արտանետումներով։

Սակայն որքան հաճախ է սատանան թաքնված մանրուքներում. մեծ հարց է, թե ինչպես է Եվրամիությունը մտադիր հասնել իր նպատակներին։

Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ միջոցառումներից մեկը այսպես կոչված տաքսոնոմիան է՝ «դասակարգման համակարգը, որը սահմանում է էկոլոգիապես կայուն տնտեսական գործունեության տեսակների ցուցակը»:

Այս տաքսոնոմիան կարելի է բնութագրել որպես «կանաչ» ներդրումների վերաբերյալ ԵՄ կանոնների ժողովածու, որը կոչված է օգնել մայրցամաքին մինչեւ 2050 թվականը կլիմայապես չեզոք դառնալուն:

Քննադատներն ասում են, որ կլիմայի չեզոքության նպատակը կարող է վտանգի տակ լինել, քանի որ Եվրոպական հանձնաժողովը որոշել է միջուկային էներգիան եւ բնական գազը կանաչ պիտակավորել այս տաքսոնոմիային համապատասխան:

Օրինակ, գազային կայանքները կարող են էկոլոգիական համարվել միայն այն դեպքում, եթե մինչեւ 2035 թվականը դրանք անցնեն ցածր ածխածնային կամ վերականգնվող գազերի, ինչպիսիք են կենսազանգվածը կամ ջրածինը, որոնք արտադրվել են էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ։

Ատոմային էլեկտրակայանները կհամարվեն էկոլոգիապես մաքուր, եթե հրապարակներում հնարավոր է անվտանգ կերպով վերամշակել ռադիոակտիվ թափոնները: Սակայն մինչ օրս ամբողջ աշխարհում շահագործման չի հանձնվել թաղման ոչ մի մշտական վայր։