Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` հուլիսի 20-ին հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ալեքս Ֆիշերին, որտեղ վերջինս ներկայացրել է ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանի` Հայաստանին վերաբերող քննարկվելիք խնդիրները եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատականները:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Լ. Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին` մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանն ուղղված նրանց ջանքերի համար եւ կարեւորել միջազգային հանրության հետեւողական ուշադրությունը` սպանությունների բացահայտման հարցում:
Պատվիրակության խնդրանքով Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաեւ ներքաղաքական գործընթացները Հայաստանում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարության հաստատման նպատակով իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսված երկխոսության ընթացքը:
Ներկայացվել են նաեւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը, ազատ, արդար եւ օրինական ընտրություններով Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման մեխանիզմները, դրա հետ կապված` ընտրական մեխանիզմների բարելավումը: Քննարկվել է նաեւ կեղծիքների մեխանիզմի եւ Հայաստանում հաստատված քրեապետական համակարգի փոխկապակցվածությունը:
Զրույցի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները բարձրացրել են նաեւ միջազգային դիտորդական առաքելության` ընտրությունների դիտարկման ներկա ձեւերի անարդյունավետությունը եւ 2000 հոգանոց առաքելության ուղարկման ինչպես նաեւ մոնիտորինգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ Հայաստանում հեռուստաեթերի նկատմամբ իշխանության տոտալ վերահսկողության բացառման անհրաժեշտությունը եւ հեռուստատեսության անկախության ապահովման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:




























