Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն այսօր` հուլիսի 20-ին, հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ եւ նրան փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական նամակը եւ Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: Դեսպանը վարչապետ Միքաթիին ՀՀ կառավարության անունից շնորհավորել է բարձր եւ պատասխանատու պաշտոնը ստանձնելու եւ Լիբանանի նոր կառավարության կողմից խորհրդարանում վստահության քվե ստանալու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրներ:
Երկուստեք կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի, գործարար համաժողովների անցկացման, առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի թարմացման անհրաժեշտությունը:
Կարեւորվել է հայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական, սոցիալտնտեսական եւ մշակութային կյանքում: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:




























