Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գեղեցիկ հեքիաթ է պատմել հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` ասելով թե հայերը «մի օր կարող են գալ, տուն գնել եւ տեղավորվել» իրենց պատմական հայրենիքում: 

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ  զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի՝ հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը:

«Դավութօղլուն իր ելույթում եւս մեկ անգամ ընդգծեց իր խոսքերի սնանկությունը: Լուրջ, իրեն հարգող արտգործնախարարը նման զավեշտալի հայտարարություն  չէր կարող իրեն թույլ տալ, քանի որ դիվանագետին պատիվ չի բերում «մի օր» անորոշ ժամկետով խոսելը:

Այսպիսով նա վերահաստատում է, որ հայերը այժմ  չեն կարող մտածել իրենց պապենական հողերը վերադառնալու մասին: Այլապես նա Թուրքիա այցելած հայերին վեհանձնորեն կառաջարկեր` կարող եք հիմա էլ  այցելել ու հաստատվել ձեր պապերի հողում»,-նշեց թուրքագետը:

Նրա խոսքով` Դավութօղլուն այսպիսով ազդարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացի վերաբերյալ որեւէ ասելիք չունի եւ մտադրություն անգամ չունի այդ ուղղությամբ որեւէ առարկայական քայլ իրականացնել:

«Ժողովրդական արժեքներից խոսող երկրի արտգործնախարարը երեւի մոռացել է այն խայտառակ օրենքը, որն արգելում է տեղահանվածներին, ցեղասպանության ենթարկվածների ժառանգներին վերադառնալ իրենց երկիր: Ավելին, Թուրքիայի Սահմանադրական դատարանը ձայների մեծամասնությամբ օրերս մերժեց ազգությամբ ասորի հայցվորին, ով դիմել էր դատարան՝ իր ազգանունը փոխելու համար:

ՍԴ-ն  մերժումը հիմնավորեց  1934-ին ընդունված ազգանունների մասին օրենքով, որով արգելվում է Թուրքիայի ազգությամբ ոչ թուրք քաղաքացիներին կրել իրենց էթնիկ ազգանունները»,-նկատեց Իսպիրյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Դավութօղլուի՝ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպելու  փաստը, թուրքագետն  արձագանքեց, թե քանի որ հայ-թուրքական հարաբերությունները խորը սառեցման փուլում են եւ որեւէ գործընթաց այդ ուղղությամբ տեղի չի ունենում, Թուրքիան փորձում է կրկին դիմել իմիտացիոն քաղաքականությանը: 

«Քանի  որ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն իր՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ կրկին արծարծեց հայ-թուրքական հարաբերությունների հարցը, ուստի  Թուրքիան փորձեց ժեստ անել եւ ձեւի համար որոշեց հանդիպել հայ հանրույթի ներկայացուցիչների հետ՝ նրանց պատմելով գեղեցիկ հեքիաթ՝ հայրենիք վերադառնալու մասին: Այդ հանդիպման մեջ որեւէ լուրջ բան փնտրել պետք չէ»,-նկատեց թուրքագետը: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի տնտեսական քաղաքականությունների հիմնադրամի (TEPAV) հրավերով Թուրքիա մեկնած հայաստանյան 5 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ օրերս հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` ՀԿ-ներից մեկի ղեկավար Աղավնի Կարախանյանը Դավութօղլուին ասել է, թե իր նախնիներն Էրզրումից են եւ ինքը ցանկանում է տեսնել այդ վայրերը, ինչին ի պատասխան Դավութօղլուն ասել է. «Մի օր կարող եք գալ, տուն գնել եւ տեղավորվել»:

Մոտ 45 րոպե տեւած հանդիպման ընթացքում  քննարկում է եղել Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված: