Անցած տարի Եվրոպա հեղուկացված բնական գազի մատակարարումները ցույց տվեցին, որ Ռուսաստանը չի կարող օգտագործել գազը որպես Եվրոպայի վրա ազդեցության հզոր լծակ։ Նման կարծիք է հայտնել Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
Reuters-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Եվրոպա հեղուկացված բնական գազի վերաուղղումը՝ անցած տարվա վերջին գների կտրուկ աճից հետո եւ ՌԴ-ից մատակարարումների կրճատման ֆոնին, ցույց է տվել, որ ռուսական գազին այլընտրանքներ կան։
«Ես սիրում եմ ասել, որ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան մեծ նվեր է արել Եվրոպային, քանի որ նա ցույց է տվել, որ մենք կախված չենք ռուսական գազից»,- ասել է Լիպավսկին։
Դեպի ծով ելք չունեցող Չեխիան տարեկան սպառում է մոտ 8,7 միլիարդ խմ բնական գազ, որի մեծ մասը ստանում է Ռուսաստանից Գերմանիայի տարածքով։





























