Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքը արտահայտելու էլեկտրաէներգիայի եւ գազի գների բարձրացման դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sözcü թերթին։
Ցույցերը կազմակերպել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը։ Ակցիաներ են անցկացվել մի քանի նահանգներում, ինչպես նաեւ Ստամբուլում եւ Անկարայում։ Մեկ այլ ընդդիմադիր Evrensel թերթի տվյալներով՝ Սիրիայի հետ սահմանին գտնվող Մարդին քաղաքում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածների դեմ։
Կուսակցությունը շարունակում է երկրի բնակիչներին բողոքի ակցիաներին միանալու կոչեր անել։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները կարծում են, որ Թուրքիայի իշխանությունները պետք է անհապաղ չեղարկեն սակագների բարձրացումը։
Մինչդեռ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզն ասել է, որ երկրի իշխանությունները աշխատում են էլեկտրաէներգիայի գների իջեցման ուղղությամբ։ Վերջին ամիսներին Թուրքիայում էներգակիրների գները կտրուկ աճել են, քանի որ թուրքական լիրան արժեզրկվել է 44%-ով, եւ հասել երկու տասնամյակի առավելագույն մակարդակին՝ 48,69%: Սոցցանցերի օգտատերերը Թուրքիայում ակտիվորեն տեղադրում են էլեկտրաէներգիայի վճարները, ինչը ցույց է տալիս, որ արժեքը 2-3 անգամ ավելացել է։





























