ԱՄՆ իշխանությունները հրապարակել են տրանսազգային հանցավորության դեմ պայքարի նոր ռազմավարությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, օրերս նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում նոր ազգային ռազմավարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 25-ին, պատժամիջոցներ են նախատեսվում 4 քրեական կազմակերպությունների` իտալական Կամորրայի, ճապոնական Յակուդզայի, մեքսիկական նարկոկարտել Լոս Սետասի եւ նախկին ԽՍՀՄ երկրների «Բրատվա» կոչվող հանցավոր միության նկատմամբ:
Պատժամիջոցները ներառում են այդ խմբավորումների անդամների ամերիկյան բանկային հաշիվների եւ սեփականության սառեցում, ինչպես նաեւ ԱՄՆ մուտք գործելու մերժում եւ ամերիկացիների հետ բիզնես գործարքների մեջ մտնելու արգելք:
Ինչպես հայտնում է BBC Russian-ը` նմանատիպ փաստաթղթում, որն այս շաբաթ թողարկել է Հետախուզության Ազգային խորհուրդը, հիշատակվում է Վիկտոր Բուտը, ով մեղադրվում է կոլումբիական խմբավորմանը զենք վաճառելու փորձի մեջ, ինչպես նաեւ հայերի մի մեծ խումբ, որի անդամները ձերբակալվել էին անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում` առողջապահության ոլորտում խարդախություններ կատարելու համար:
Սպիտակ տունը նշել , որ վերջին տարիներին բացահայտված տրանսազգային հանցավոր կազմակերպությունների մեկ երրորդը կապված են եղել ահաբեկչական կազմակերպությունների հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ «Պզոն»` Արմեն Ղազարյանը, եղել է Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ ամենահայտնի քրեական տարրերից մեկը: Նրա գլխավորությամբ գործող հանցավոր խումբը, որը հիմնականում կազմված էր ամերիկահայերից, տարիներ շարունակ կեղծ փաստաթղթերով մոտ 163 մլն դոլար էր յուրացրել ամերիկյան Medicare բժշկական ապահովագրական համակարգից: 2010 թվականի դեկտեմբերին մերժել էին գրավի դիմաց Արմեն Ղազարյանին ազատ արձակելու խնդրանքը:
ԱՄՆ Մանհեթենի դաշնային դատարանում հունիսի 7-ին 47-ամյա հայազգի քրեական հեղինակությունը գործարք է կնքել մեղադրող կողմի հետ: Ղազարյանը իրեն մեղավոր է ճանաչել տարբեր մանր հանցագործությունների մեղադրանքներում, եւ դաշնային դատարանի դատավոր Փոլ Գարդաֆեին ասել, թե ինքն իսկապես հանցավոր համաձայնության մեջ ներգրավված է եղել։ Այս խոստովանության համար, դատավորը խոստացել է մեղադրյալին դատապարտել «մինչեւ 37 ամիս» ազատազրկման, եթե Ղազարյանը չդիմի վճռի բեկանման։




























