Երբ ինչ-որ մեկն ունի այսպիսի տիեզերական վարկանիշ, նշանակում է, նա պարտավոր է խաղալ իր վարկանիշին համահունչ: Այդ մասին chess-news.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, աշխարհի առաջնությունից հետո: 

«Կարգավիճակիս համահունչ պարտավոր եմ լավ խաղալ: Եւ ես դա փորձում եմ անել: Ճիշտ է դա այսօր ինձ մոտ այդքան էլ լավ չէր ստացվում: Բայց, ընդհանուր առմամբ, ես գոհ եմ արդյունքից»,- նշել է Արոնյանը:

Պատասխանելով այն հարցին, որ մրցաշարը բավականին զարմանալի էր մրցաշարային ինտրիգի առումով, եւ ինչու Հայաստանի հավաքականին հաջողվեց բավականին ուղիղ անցնել ողջ մրցաշարը, Արոնյանն ասաց, որ դա բավականին բնական է. «Կարծում եմ` կհամաձայնեք, որ թիմային մրցաշարերից այս մեկն ամենաուժեղն էր: Ինը թիմերն էլ շատ ուժեղ են, մեկն աուտսայդեր էր, բայց նույնիսկ նա էր պայքարում, նույնիսկ նրան էր անհրաժեշտ հաղթել խոշոր հաշվով, որ բաժանման դեպքում ինչ-որ բան հույս լիներ: Այնպես որ դա պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ թիմերը պայքարում էին, փորձում էին, եւ թույլեր չկային: Ինչ վերաբերում է մեզ, ապա ինձ թվում է, որ որոշ խաղերի ժամանակ մեզ տատանվելով հաջողվեց հավասարեցնել իրավիճակը: Որոշ խաղեր մենք անցկացրել ենք գրեթե իդեալական»:

Արոնյանը նաեւ նշել է, որ Հայաստանի շախմատի հավաքականն ի զորու է ցանկացած թիմային մրցաշարի: «Տղաները հասկանում են, որ բոլոր թիմային մրցաշարերում մենք պետք է լինենք այն մարդկանցից, այն թիմերից մեկը, որոնք կպայքարեն առաջին տեղի համար: Եւ, գիտեք, երբ մենք հաղթեցինք Օլիմպիադան, մենք չէինք ցանկանում թիմում որեւէ բան փոխել: Իսկ այս անգամ որոշեցինք ամեն ինչ անխտիր վերանայել եւ դա բարեհաջող ստացվեց: Արդյունքում Սերգեյ Մովսեսյանը հրաշալի կերպով ընգրկվեց թիմում: Բացի այդ, մեզ մեծապես օգնում էր Հայաստանի բնակչության աջակցությունը»,- նշել է Արոնյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում տարած հաղթանակով Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կանգնեց նույն շարքում: Համաշխարհային Օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Հայաստանն այս կարեւորագույն մրցաշարում հաղթանակ չէր տարել: Թիմի ավագ մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ պայքարի էին դուրս եկել Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: