Շախմատի աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականի գրոսմայստերներն Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր հայաստանցիներին ներկայացրին աշխարհի գավաթն ու շնորհակալության խոսք հղեցին համաժողովրդական աջակցության եւ ցնծության համար:

Թիմի անփոփոխ ավագ, մարզիչ Արշակ Պետրոսյանը հայտարարեց, որ ամբողջ առաջնության ընթացքում թիմը զգում էր Հայաստանի ժողովրդի աջակցությունը, Գաբրիել Սարգսյանն ամբողջ թիմին շնորհակալություն հայտնեց այս հաղթանակը պարգեւելու համար:

Հայաստանի հավաքականի կազմում առաջին խոշոր հաղթանակը տարած Սերգեյ Մովսիսյանն առաջին անգամ էր մասնակցում նման տոնախմբության եւ նրա հուզմունքը մեծ էր: Թիմի ամենափորձառու խաղացող Վլադիմիր Հակոբյանը հայտնեց, որ յուրաքանչյուր մրցախաղի ժամանակ զգում էին հսկայական աջակցություն եւ սա մեր ընդհանուր հաղթանակն է:

Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու շնորհիվ հավաքականում տեղ նվաճած Ռոբերտ Հովհաննիսյանը, որը Նինբոյում միայն մեկ պարտիա անցկացրեց եւ գեղեցիկ հաղթանակ տարավ եգիպտացի մրցակցի նկատմամբ, շնորհակալություն հայտնեց հզորագույն թիմակիցներին պատմության մեջ մտնելու համար: 

Ազատության հրապարակում շարունակվում է շախմատի Հայաստանի հավաքականին հաղթանակին նվիրված տոնական համերգը: