Օգոստոսի 13-ին` երեկոյան ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում տեղի կունենա Հինգերորդ համահայկական խաղերի բացման արարողությունը:
Բացման օրը, ժամը 17:00-ից փակվելու է ստադիոն տանող ավտոճանապարհների, մասնավորապես` Ալեք Մանուկյան, Սայաթ-Նովա, Վարդանանց, Չարենց, Նար-Դոս-Խորենացի, Երվանդ Քոչար, Խանջյան փողոցների երթեւեկությունը: Ավտոտրանսպորտի երթեւեկությունը կարգելվի մինչեւ միջոցառման ավարտը, այդ մասին ասուլիսի ժամանակ հաղորդել է Ճանապարհային ոստիկանության ծառայության Ճանապարհապարեկային բաժնի ղեկավար, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նա միաժամանակ կոչ է արել ստադիոնին հարող փողոցներում ավտոմեքենաներ կայանող վարորդներին ժամանակին հեռացնել ավտոմեքենաները, հակառակ դեպքում ավտոմեքենաները կհանվեն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:
Օգոստոսի 9-ի տվյալներով, Հինգերորդ համահայկական խաղերում ծրագրվում է աշխարհի ավելի քան 120 քաղաքների ներկայացուցչությունների մասնակցությունը:




























