Եվրամիությունը մշակել է ՌԴ-ից ստացվող գազի փոխարինման պլան։ Այս մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերի եվրահանձնակատար Թիերի Բրետոնը։ Նրա խոսքերը մեջբերել է Europe 1 ռադիոկայանը։

ԵՄ հանձնակատարի խոսքով՝ Եվրամիությունը Ռուսաստանից տարեկան ներմուծում է 155 միլիարդ խորանարդ մետր գազ։ Նոր ռազմավարության շրջանակում Բրյուսելը նախատեսում է 50 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ ի հաշիվ ԱՄՆ-ից կամ Կատարից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ), 10 միլիարդ խորանարդ մետր՝ առկա խողովակաշարերով, եւս 25 միլիարդ խորանարդ մետր կարտադրվի ի հաշիվ ծովային հողմաղացների եւ ֆոտոէլեկտրական վահանակների արագացված գործարկման։ Ածխի էլեկտրակայանների աշխատանքի վերականգնումը նույնպես հնարավոր տարբերակներից մեկն է, ավելացրել է Բրետոնը։

Եվրահանձնակատարը հայտարարել է, որ ՌԴ նախագահը «գազն օգտագործում է, որպեսզի բաժանի մեզ», Վլադիմիր Պուտինը «երկար տարիներ արել է ամեն բան, որպեսզի բաժանի Եվրոպան»։

Ավելի վաղ ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը դադարեցրել էր մատակարարումները Բուլղարիա, Լեհաստան, Նիդեռլանդներ, Դանիա եւ Ֆինլանդիա։ Առիթ էր հանդիսացել այդ երկրների հրաժարումը՝ ռուսական վառելիքի համար վճարել ռուբլով։ Կրեմլը այս պահանջն առաջադրել էր Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո։ Եվրամիությունը չի ընդունել այդ պայմանները, գրել է «Немецкая волна»-ն։