G7-ի պաշտոնյաները հող են նախապատրաստում, որպեսզի G7-ի ղեկավարները կարողանան քննարկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծման գնի շեմի սահմանման հարցը՝ փորձելով սահմանափակել նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտները եւ զսպել գները, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
G7-ի առաջատար բանակցողներն ուսումնասիրում են այդ մեխանիզմը հունիսի 26-28-ին Գերմանիայի Բավարիայի Ալպերում կայանալիք գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակներում, գործակալությանը հայտնել են անանուն աղբյուրները։
Փետրվարի վերջին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խաթարեց Եվրոպայի կապերը Ռուսաստանի հետ եւ ցույց տվեց դրա մեծ էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից: Դա ստիպեց արագ վերանայել իրավիճակը, այդ թվում՝ միջոցներն այլ երկրներից մատակարարումների ապահովման համար մինչեւ հաջորդ ձմռան սկիզբը, երբ պահանջարկն ավանդաբար աճում է տների ջեռուցման համար, նշում է Bloomberg-ը:
Ռուսական էներգակիրների գների սահմանափակման մեխանիզմի կիրառումը հավանություն ստացավ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից, սակայն որոշ այլ պետությունների համար խնդրահարույց է մնում՝ հաշվի առնելով մտավախությունները, որ դա կարող է խեղաթյուրել շուկաները կամ պատասխան միջոցների հանգեցնել: Մոսկվան այս շաբաթ արդեն իսկ «նախազգուշական կրակոց» էր արձակել այս կապակցությամբ՝ կրճատելով մատակարարումներն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան եւ Ֆրանսիան՝ ճիշտ այն ժամանակ, երբ նրանց առաջնորդներն այցելեցին Կիեեւ՝ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հայտին աջակցություն հայտնելու համար:
Մյուսները մտավախություն ունեն, որ Մոսկվան պարզապես կարող է նոր գնորդներ գտնել, եթե բավարար երկրներ չմիանան գնային շեմի սահմանմանը: Այդ թեման դեռ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգում չկա, հայտնել են աղբյուրները։ G7-ում ընդգրկված են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան եւ Կանադան:
Գնային սահմանափակումը Ռուսաստանից գազի, նավթի կամ երկուսի ներկրման առավելագույն շեմ է սահմանում՝ միակողմանիորեն յուրաքանչյուր մասնակից երկրի կողմից, եւ թույլ չի տալիս ավելի թանկ գնով Ռուսաստանին գազ վաճառել: Եվրոպական երկրների համար դա նաեւ էներգակիրների գներով պայմանավորված գնաճը պոտենցիալ կերպով նվազեցնելու միջոց է։
Չնայած դիվանագետները քննարկում են ինչպես նավթի, այնպես էլ գազի նկատմամբ մեխանիզմի կիրառման հնարավորությունը՝ նավթի շուրջ բանակցությունները թափ են հավաքում, հայտնել են աղբյուրները:
Դրագին այդ հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մայիսին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, երբ Իտալիայի վարչապետը նույնպես հրապարակավ խոսեց նավթ գնողների «կարտելի» ստեղծման մասին։ Հինգշաբթի Դրագին լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանը կրճատում է գազի մատակարարումները 15-ից 30 տոկոսով, սակայն գները նույն չափով չեն աճել, եւ «այդ համատեքստում գազի գնի շեմ սահմանում առաջարկելու Իտալիայի նախաձեռնությունը թափ է հավաքում»:





























