ԱԺ խորհուրդը վաղը՝ հուլիսի 14-ին, արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Նիստը նշանակված է 18.30-ին։ ԱԺ կայքում արդեն հրապարակվել է նախագիծը։
Նշենք, որ նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորի. «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն ու այդ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն այդ ցանկում չկան։ Այդ ցանկում չէ նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով Արթուր Վանեցյանի փոխարեն ԱԺ պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանը: Փոխարենը ցանկում է «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանը, որը թեեւ դիմում է ներկայացրել մանդատից հրաժարվելու վերաբերյալ, սակայն դեռեւս համարվում է ԱԺ պատգամավոր:
Հիշեցնենք, որ նախօրեին լրագողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել էին՝ մանդատների մասով ի՞նչ գործընթաց է սկսվել խորհրդարանում, վերջինս էլ արձագանքել էր. «Շատ հաճելի»: Հարցին՝ լինելո՞ւ է այդ գործընթացը, թե՞ ոչ` ԱԺ նախագահը պատասխանել էր. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»:
Նշենք, որ ԱԺ խորհուրդը յուրաքանչյուր պատգամավորի հարցն առանձին է քննարկելու, ինչը նշանակում է, որ հնարավոր է՝ ոչ բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհուրդը որոշի դիմել ՍԴ:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է, որ եթե որեւէ պատգամավոր մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելին անհարգելի բացակայել է, ապա ԱԺ խորհուրդը կարող է նրան մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ:





























