ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

Նշենք, որ Ստեփան Միքայելյանը ներկա է եղել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը, որի ձայնագրությունը հրապարակվել է։

Քննչական կոմիտեի քարտուղարը տեղեկություն չտվեց այն մասին, թե հարցաքննվե՞լ է արդյոք Գագիկ Ջհանգիրյանը, թե՝ ոչ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարցաքննվել է նաեւ Ռուբեն Վարդազարյանը։ Նա հրաժարվել է քննիչին ներկայացնել ձայնագրության ամբողջական տարբերակը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը եւ փաստաբան, ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։

Ձայնագրության հիման Քննչական կոմիտեն նախաձեռնել է վարույթ  ՔՕ 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)։

Ձայնագրությունում այլ անձանց մասին խոսակցությունները հրապարակել չեմ կարող, դրա բարոյական իրավունքը չունեմ․ Վարդազարյան