Հայաստանում աշխատատեղերի քանակի եւ աշխատավարձերի աճը, հատկապես վերջին ամիսներին, կապված է Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների հետ։ Այս մասին հուլիսի 14-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։ Այս տարի, ըստ նրա, Հայաստանում մասնավոր հատվածում գրանցվել է աշխատավարձերի շուրջ 18 տոկոս աճ։ Խոսքը հիմնականում վերաբերում է ծառայությունների ոլորտին։ «Մասնավորապես բարձրացել են ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձերը։ Նույն գործոնով է պայմանավորված աշխատատեղերի քանակի ավելացման միտումը»,- ասաց Գալստյանը։

Նշենք, որ այս տարվա մայիսին, Հայաստանի կառավարության տվյալներով, գրանցված աշխատատեղերի առումով նոր ռեկորդ է գրանցվել։ Ցուցանիշը հասել է 673 224-ի՝ 2021 թվականի մայիսի համեմատ աշխատատեղերի թիվն աճել է 38 223-ով կամ 6 տոկոսով, իսկ 2019-ի մայիսի համեմատ՝ 72 359-ով կամ 12 տոկոսով։ Բացի այդ, մայիսին միջին աշխատավարձը կազմել է 237 745 դրամ, որը նախորդ տարվա համեմատ բարձր է 26 000 դրամով կամ 12 տոկոսով։