Սյունիքի մարզի Արավուս եւ Կոռնիձոր բնակավայրերում 2-3 ամիս է՝ ջուրը օրվա ընթացքում 1-2 ժամով է մատակարարվում։ NEWS.am-ի հետ զրույցում Արավուս բնակավայրի ղեկավար Արթուր Ջհանգիրյանը պատմեց, որ վերջին օրերին ջրի խնդիրն ավելի է խորացել։
«10 օրվա մեջ 1 ժամով են ջուր տվել։ Գյուղի հարակից տարածքում ձոր կա, այդտեղից ջուր ենք բարձրացնում, 300-400 մետրի վրա մարդիկ ձեռքով ջուր են տանում, որ օգտագործեն։ «Վեոլիա ջրին» էլ զանգում ենք, չեն պատասխանում։ Երբ զանգում ենք, ասում են՝ էսօր, վաղը, մի ժամից, վթար է եւ այլ տեսակի պատճառաբանություններ են ներկայացնում»,- պատմեց բնակավայրի ղեկավարը։
Մեզ հետ զրույցում Կոռնիձոր բնակավայրի ղեկավար Արշակ Կարապետյանն ասաց, որ բնակիչները ջուր ունենում են հիմնականում երեկոյան ժամերին.
«Առավոտյան չի լինում, երեկոյան կարճ ժամանակահավածով լինում է, մոտ 2 ժամ։ Լինում են օրեր, որ ջուր էլ չի լինում: Հիմա ամառ է, գյուղ է, այս սեզոնին խոտ են բերում, ցորեն է, գյուղատնտեսական մի շարք աշխատանքներ կան, բոլորս փոշու մեջ կորած ենք։ Ամեն տարի ամռանն այս խնդիրը եղել է։ Մեզ ամռանն ավելի շատ է պետք ջուր, բայց չկա։ Բնակիչները ստիպված են լինում չլողանալ, տենց պառկում ու քնում են։ Օրվա մեջ երկու ժամ է ստաբիլ գալիս, բայց օր է լինում, որ չի գալիս»։
Ավելի վաղ այս խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ խնդիրը զանգվածային է եւ կրում է շարունակական բնույթ։
«Անթույլատրելի է, որ հատկապես ամռան տապին մարդիկ զրկված են ջրի եւ սանիտացիայի հասանելիությունից»,- նշվել է հաղորդագրության մեջ։





























