Ամեն տարի, երբ որ տեղի է ունենում տնտեսական աճ, այդ տարվա տնտեսական աճը տեղի է ունենում նախորդ տարվա տնտեսական աճի վրա և հետևաբար աճը անընդհատ շարունակվում է։ Իհարկե առավել հաջող են այն երկրները, որոնց տնտեսական աճը շարունակական է և հետևողական: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, Երևանում ընթացող Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ հինգ տարիներին մենք պլանավորել էինք ՀՀ–ում միջինում 7% տնտեսական աճ ապահովել և փաստորեն ապահովել ենք միջինում 7.9% տնտեսական աճ։ Այսինքն ամեն 7.9%-ը արդեն իսկ ավելացել է նախորդ տարվա 7.9%-ի վրա։ Ընդհանուր առմամբ 2018 թվականին ՀՀ համախառն ներքին արդյունքը 2025 թվականի դրությամբ աճել էր շուրջ 53%-ով։
Առաջիկա հինգ տարվա ընթացքում մենք պլանավորել ենք միջինում տարեկան 6% տնտեսական աճ ապահովել, և նաև ռազմավարական մի շարք ուղղություններ ունենք, և դրանցից մեկի մասին ես ասեցի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։ Բայց նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա, մասնավորապես մենք առաջիկա 5 տարվա ընթացքում պլանավորում ենք վերականգնվող էներգետիկայի աճի տեմպը ոչ միայն պահել, այլև այն ավելի հուսալի դարձնել մեր տնտեսության և պետության համար՝ արևային և հնարավոր քամու կայաններին ավելացնելով նաև կուտակման կայաններ, որոնք մասնավորապես արևային էներգետիկան կդարձնեն ավելի հուսալի»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ խաղաղության խաչմերուկը Հայաստանի Հանրապետության ռազմավարական պատկերացումն է. «Որախությամբ պիտի արձանագրեմ, որ մենք տեսնում ենք, որ ամեն տարվա հետ Հայաստանի նկատմամբ, այդ թվում զբոսաշրջիկների հետաքրքրությունը աճում է։ Զբոսաշրջության հոսքերը լավ նախանշան են երկրի նկատմամբ ավելացող բիզնես հետաքրքրության վերաբերյալ։ Մենք տեսնում ենք, որ արդեն իսկ միտումները նկատվում էին, երբ որ օտարերկրյա ներդրողները ներդրում են անում պարզապես Հայաստանում անշարժ գույքի ոլորտում։
Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանում արդեն իսկ օտարերկրյա ներդրողների համար լավ բիզնես է համարվում Հայաստանում բնակարաններ գնել և վարձակալության հանձնելը»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։





























