Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը նամակ է ուղարկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին` տեղեկացնելով, որ առաջիկա տարիներին (2011-14 թ.թ.) 55 մլն դոլարով ավելացվել է Հայաստանի ֆինանսավորման հնարավորությունը: Այդ մասին այսօր` օգոստոսի 18-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ Տ. Սարգսյանի` դա առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի վարկային պորտֆելի որակով, ինչպես նաեւ կառավարման բարձր մակարդակով:  Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀԲ հայաստանյան գրասենյակին եւ անձամբ Ասադ Ալամին եւ հանձնարարեց նախարարներին` միջոցների ծախսման նպատակով կազմել ժամանակացույց եւ համաձայնեցնել այն ՀԲ-ի ներկայացուցիչների հետ: Ըստ վարչապետի` ժամանակացույցը պետք է կազմվի այնպես, որ հաջորդ տարվա մայիսից արդեն հնարավոր լինի միջոցները ծախսել:

Այսպիսով` Հայաստանի համար նախատեսված 2011-14 թ.թ. ՀԲ-ի վարկային պորտֆելը կկազմի մոտ 305 մլն դոլար, որը կուղղվի  ջրի, ոռոգման համակարգի, ճանապարհաշինարարության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, հարկային, մաքսային եւ ֆինանսական կառավարման ավտոմատացման  ծրագրերի ֆինանսավորմանը: